Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ մասնակցեց Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխամասի բացման արարողությանն ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ էր. «Այն ինչ տեղի ունեցավ ապրիլ-մայիս ամիսներին մեծապես կախված էր տեղեկատվական տեխնոլոգիաներից: Ես ուզում եմ ասել, որ այդ տեխնոլոգիաները շարունակելու են մեր կյանքում բարելավել եւ մենք, պետք է համընթաց այդ տեխնոլոգիաների զարգացմանը օգնենք եւ հարթենք ճանապարհը ապագա սերունդների համար»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տիգրան Ավինյանն իր խոսքում նաեւ ասաց, որ Հայաստանը կարիք ունի նոր մտածողության, նոր մշակույթի եւ այստեղ FAST-ը կարող է կարեւոր դեր խաղալ: Ըստ նրա, գրասենյակը հեղափոխական շունչ է բերում դաշտ եւ համագործակցության արդյունքում Հայաստանը կվերածվի գիտատեխնիկական կենտրոնի:
«Այս տեխնոլոգիաները կոչվում են բեկումնային, որովհետեւ կտրուկ փոխում են երկրի տնտեսության կառուցվածքը եւ մարդկանց կյանքի որակը: Տեղեկատվական եւ բարձ տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է, ինչը հնարավորություն է տալիս կարողություններ ստեղծել նաեւ ներդրումային տեխնոլոգիաների զարգացման համար»,-ասաց Ավինյանը՝ նշելով, որ վերջին ութ տարիներին ՏՏ ոլորտում մենք ընդհանուր առմամբ ունեցել ենք միջինը 26 տոկոս աճ: Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը կառավարության համար առաջնահերթություն է:
FAST-ի համահիմնադիրն է գործարար Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքով, Նոր Հայաստանի մեջ ամենակարեւորը մարդն է իր գիտելիքներով, իր արժեքներով: Պարոն Վարդանյանը նաեւ ասաց, որ Նոր Հայաստանը պետք է հնարավորություն ընձեռի, որպեսզի մարդն իրականացնի իր երազանքները, մտքերը եւ ոչ միայն Հայաստանի մեջ, այլեւ կապ հաստատելով նաեւ աշխարհի հետ:
Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ասաց, որ FAST-ի թիմի հետ հանդիպելուց հետո սկսել են համագործակցել եւ այլեւս ունեն ընդհանուր նպատակներ՝ այդ ոլորտում նորությունները բերելու համար:
Մինչ կենտրոն մուտք գործելը հյուրերը ծառ տնկեցին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ