Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ՀՀԿ ընդդիմադիր գործիչները պարբերաբար նշում են, որ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դուշանբեում ձեռք բերած պայմանավորվածությունը չի պահպանվում և որ կրակոցների ինտենսիվությունը չի նվազել, Դավիթ Տոնոյանն ասաց.
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս պահին ամենանվազ վիճակում են հրադադարի խախտումները և դա, որոշակիորեն պայմանավորվածությունների արդյունք է»։ Նախարարն ասաց, որ Ալիևի հետ կապուղին գործում է այս պահին։ Գործում է նաև Նախիջևանի ուղղությամբ .«Օպերատիվ կապ է հաստատված, աշխատանքները տարվում են»։ Ինչ վերաբերում է Ջոն Բոլթոնի ամերիկյան զենքի վաճառքի առաջարկությանը, նախարարն ասաց, որ զենքի շուկան բաց շուկա է, որտեղից ինչ կարողանում են գնում են.«Մենք այս պահին Միացյալ Նահանգներից ոչ մի առաջարկ չենք ստացել»։ Հետաքրքրվեցինք՝ ստանալու դեպքում կգնե՞նք, Դավիթ Տոնոյանն ասաց՝ գոյություն ունի գին, որակ, ժամկետներ, բայց ըստ նախարարի, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ