Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաքնված երազները»` Թբիլիսիի Բեմանկարչական բիենալեում (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 28,2018 13:18

Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանը մասնակցում է Թբիլիսիում անցկացվող բեմական դիզայնի բիենալեին, որը կազմակերպվում է «Վալերիան Գունիա» երիտասարդ թատերական գործիչների միության եւ OISTAT –ի Վրաստանի ազգային կենտրոնի կողմից։ Բիենալեի գլխավոր նպատակը երիտասարդ բեմանկարիչների համար առաջխաղացման ու զարգացման հնարավորություն ստեղծելն է։

Հոկտեմբերի 11-16-ը կայացած Բիենալեին այս տարի մասնակցում էին ներկայացուցիչներ 7 երկրներից՝ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Կանադայից և Հունգարիայից։ Ի դեպ, Վրաստանը ներկայացավ երկու ցուցադրությամբ, որոնցից մեկը կոչվում էր «Աբխազիա» Գոգի Մեսխիշվիլիի դիզայնի դպրոցի ուսանողներն այս ցուցադրության հիմքում դրել էին փախստականների կյանքը։

Բիենալեին Հայաստանի մասնակցությունն ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ կազմակերպեց Սինոլաբ արվեստների լաբորատորիան։ Կուրատոր Նելլի Բարսեղյանը, ով հանդիսանում է նաև Պրահայում տեղի ունեցած PQ2011, PQ2015 թատերանկարչության քվադրենալեի Հայաստանի ազգային կուրատորը, նշում է, որ մյուս փառատոններից բիենալեն տարբերվում է ջերմ ու անմիջական մթնոլորտով։ «Առաջին բիենալեին մասնակցում էին միայն Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանն ու Վրաստանը։ Այժմ արդեն երկրների քանակն ավելացել է․ նաև՝ Կանադա, Հունգարիա, Ուկրաինա, ավելացել են նաև վարպետության դասերը», -ասաց Ն.Բարսեղյանը ։

Հայկական պատվիրակությունն այս անգամ ընտրել էր «Թաքնված երազներ» ( Hidden dreams) թեման, որի շրջանակներում ներկայացվեց Թատրոն 8-ի  «Մնաց 7 օր» ներկայացման բեմանկարչական ձևավորումը։

«Այս բիենալեի կազմակերպումը չափազանց կարևոր էր։ Քանի որ բեմանկարչության (սինոգրաֆիայի) խնդիրներին վերջին շրջանում շատ քիչ են անդրադառնում հատկապես այս տարածաշրջանում։ Իսկ այս մասնագիտությունը յուրահատուկ է։ Եվ գնահատելի է, որ կա այս մասնագիտությանն ու այս թեմային անդրադարձ», – ասում է բիենալեի Ռուսաստանի կուրատոր Իննա Միրզոյանը։

«Որպես կազմակերպիչ՝ ինձ համար կարևոր էր, որ երկրորդ բիենալեն ավելի լայնամասշտաբ լինի՝ թե՛ մասնակից երկրների, թե՛ հյուրերի քանակով, և մենք մեր նպատակին հասանք։ Մենք ուզում ենք ստեղծել մեր փառատոնի՝ բիենալեի բրենդը, աշխատել որպեսզի ավելի ու ավելի շատ երկրներ հետաքրքրվեն բիենալեով հաջորդող տարիներին» , – ասում է OISTAT-ի Վրաստանի ազգային կենտրոնի նախագահ, Վրաստանի կուրատոր Նինա Գունիան:

Պետք է նշել, որ բացի միջազգային ցուցահանդեսից բիենալեի շրջանակներում տեղի ունեցավ նաև երիտասարդ բեմադրողների ու վիզուալ արտիստների տարածաշրջանային ֆորում, որի ընթացքում քննարկվեցին ժամանակակից թատրոնի զարգացման տենդենցներն ու խնդիրները։ Հայաստանից ֆորումին մասնակցում էին ռեժիսոր Գոռ Մարգարյանը, դերասանուհի, Թատրոն 8-ի հիմնադիր Մարիաննա Եղիազարյանը և վիզուալ արտիստ Ալինա Ալեքսանյանը։

Ֆորումի ընթացքում կազմակերպվեցին վարպետության դասեր Պամելա Հովարդի, Յարոն Աբուլաֆայի, Ռոմանա Յովանովիչի և այլ հրավիրյան մասնագետների կողմից։

«Սա արդեն իմ չորրորդն այցն է Թբիլիսի, բայց Բիենալեին առաջին անգամ եմ ներկա լինում․ հրաշալի է հանդիպել մարդկանց՝ ողջ տարածաշրջանից ու սովորել այս բոլոր երկրների մշակույթների մասին մեկ տեղում։ Սա իսկական նվեր է։ Կարծում եմ՝ այս բիենալեն չափազանց կարևոր է փորձի փոխանակման համար, որպեսզի տարբեր երկրների ու տարածաշրջանի արտիստները կարողանան նաև միասին աշխատել», – ասաց Լոնդոնի արվեստների համալսարանի պրոֆեսոր, բեմանկարիչը Պամելա Հովարդը:

Արփի ԲԵՔԱՐՅԱՆ

Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031