Շատ համեղ եւ շատ հագեցնող այս խմորեղենը հեշտ է պատրաստել, եւ շատ հարմար է այն դեպքերում, երբ թխելու հնարավորություն չկա: Սա, այսպես կոչված, սառը տորթերից է:
Անհրաժեշտ մթերքները
Թխվածքաբլիթ-300 գրամ
Ընկույզ-50 գրամ (պարտադիր չէ)
Կարդացեք նաև
Կարագ-150 գրամ
Կարամելի համար
Խտացրած կաթ- 1 տուփ
Կարագ-100 գրամ
Վանիլի մզվածք-1 ճաշի գդալ (պարտադիր չէ)
Ջնարակի (գլազուրի) համար
Դառը շոկոլադ (ցանկության դեպքում կարող եք կաթնային վերցնել)- 200 գրամ
Կարագ-50 գրամ
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթները փշրել: Կարող եք լցնել տոպրակի մեջ եւ գրտնակել, կարող եք լցնել որեւէ ամանի մեջ եւ թակիչով ծեծել եւ վերջապես կարող եք խոհանոցային կոմբայնի օգնությանը դիմել:
Պետք է վերածել մանր փշուրների, ապա ավելացնել նախապես սենյակային ջերմաստիճանի բերած կարագը եւ մանրած ընկույզը: Լավ խառնեք, որ դառնա միատարր զանգված:
Որոշակի խորություն ունեցող տարայի հատակին յուղաթուղթ փռեք: Տարան կարող է լինել ինչպես ապակե, այնպես էլ պլաստիկ. քանի որ ջեռոցը դնելու կարիք չկա, կարող եք վերցնել ցանկացած նյութից պատրաստված հարմար տարա:
Թխվածքաբլիթային զանգվածը լցրեք յուղաթղթի վրա եւ ձեռքերով սեղմելով հարթ շերտ դարձրեք: Դրեք սառնարան առնվազն 30-40 րոպեով:
Այդ ընթացքում պատրաստեք կարամելը: Խտացրած կաթը, վանիլի մզվածքն ու կարագը իրար հետ դրեք մարմանդ կրակի վրա եւ պարբերաբար խառնելով եփեք այնքան, որ դառնա կարամելագույն, բավականին խիտ զանգված: Թողեք մի փոքր սառչի եւ լցրեք խմորի վրա, հարթեցրեք, կրկին դրեք սառնարան՝ էլի 30-40 րոպեով:
Մինչ կարամելը սառչում է՝ պատրաստեք ջնարակը: Դրա համար կոտրեք շոկոլադե սալիկները եւ կարագի հետ միասին հալեցրեք ջրային բաղնիքի վրա: Այսինքն՝ լցրեք փոքր թասիկի կամ կաթսայի մեջ, որը դրեք ավելի մեծ չափի, ջրով լցված կաթսայի վրա եւ դրեք կրակին, որպեսզի գոլորշու ազդեցությունից շոկոլադը հալվի: Կրակը պետք է մարմանդ լինի, իսկ շոկոլադով կաթսայի հատակը ջրին չդիպչի:
Հալված շոկոլադը լցրեք կարամելի վրա, հարթեցրեք եւ նորից դրեք սառնարան: Կես ժամից ձեր խմորեղենը պատրաստ կլինի: Զգուշությամբ կտրատեք եւ մատուցեք:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
–