Չնայած Շառլ Ազնավուրը երբևէ Հայաստանում չի ապրել, այդուհանդերձ դժվար է պատկերացնել Հայաստանն առանց Շառլ Ազնավուրի: Հայաստանում Շառլ Ազնավուրին ոչ միայն պարզապես հայ են համարում, այլեւ համարում են մեծագույն հայ: Ֆրանսիայում էլ Շառլին ֆրանսիացի են համարում: Մեծ ֆրանսիացի: Եթե վրացիներին մնար, նրանք ևս Շառլ Ազնավուրին վրացի կհամարեին: Պատճառը ոչ միայն այն է, որ Շառլի ծնողները ծագումով Ախալցխայից են: Պատճառը հենց Շառլ Ազնավուրի մեջ պետք է փնտրել: Շառլի ծնողներն ու նախնիները Ռուսաստանի հետ ծագումով որևէ կապ չունեն, բայց ռուսներն էլ են Շառլին իրենցը համարում: Որովհետև Շառլն էլ ռուսներին օտար չի համարում և նույնիսկ իր փառահեղ կյանքի ամենավերջին տարիներին Ռուսաստանում ու Մոսկվայում համերգներ տալու առիթները բաց չէր թողնում: Կարճ ասած, Շառլը բոլորինն էր, և բոլորը Շառլինն էին:
Այդուհանդերձ, Շառլն իրեն հայ էր համարում: Առաջին հերթին: Ասում ենք առաջին հերթին, որովհետև նա իրեն նաև ֆրանսիացի կարող էր համարել: Եվ համարում էր: Եվ ֆրանսիացիներն էլ Շառլին էին Ֆրանսիացի համարում: Ընդ որում՝ չափազանց մեծ ֆրանսիացի:
Մի խոսքով, Շառլը աշխարհինն էր: Ամբողջ աշխարհինը: Եվ, փաստորեն, աշխարհն էլ իրենն էր: Ամբողջովին ու լիովին:
Շառլը արվեստի ու երգարվեստի առաջամարտիկ էր: Ֆրանսիայի ու աշխարհի մասշտաբով: Ինքը ոչ աշխարհում և ոչ էլ Ֆրանսիայում մոդայիկ երգիչ չդարձավ: Ինքը հիմնական ու հիմնավոր արժեք էր: Մոդայիկները գալիս, աղմուկ էին հանում ու գնում էին: Մոռացվում էին: Շառլը երբեք էժանագին մոդա չդարձավ և երբեք չմոռացվեց:
Շառլի մասին դեռ շատ կգրեն: Շատերը կգրեն: Որովհետև Շառլը սոսկ երգիչ ու արտիստ չէր: Ինքն ամեն ինչ էր: Ինքը բոլորից տարբերվում էր: Երգիչներից, արտիստներից ու բոլորից: Ինքն անմիջական, չափազանց պարզ ու անմիջական էր, բայց դժվար է իր մասին գրել առանց վերամբարձ խոսքերի ու ամպագոռգոռ բառերի: Իր մասին ինչքան գրես՝ էնքան կգրվի: Որովհետև Շառլը ոչ միայն մեծ արտիստ էր, այլև մեծ քաղաքացի ու մեծ հայ: Հայերս մեծ արտիստներ ու արվեստագետներ շատ ենք ունեցել, բայց նրանցից շատերին անուններ ենք կպցրել ու վերապահումներով ենք մոտեցել: Շառլը երևի մեր մեծերից միակն էր, ում անխտիր բոլորս էինք անվերապահորեն ընդունում: Երևի մեկ էլ Վիլյամ Սարոյանին ենք անվերապահորեն ու ազգովի էսպես միասնաբար ընդունել ու սիրել: Բայց Շառլին մեծ ու փոքր՝ անխտիր բոլորն էին ճանաչում, ընդունում ու սիրում: Այդուհանդերձ, Սարոյանի հետ համեմատությունս պատահական ու անտեղի չէր: Նրանք ոչ միայն իրենց հանճարով են իրար նման, այլև ճակատագրով, և երկուսն էլ իրենց գրեթե բոլոր նյարդերով Հայաստանին կապված լինելով՝ իրենց հոգիներն ավանդեցին օտար երկրում: Գրեցի օտար երկիր և անմիջապես հասկացա, որ սխալ եմ գրում, որովհետև ոչ Ամերիկան էր Սարոյանի համար օտար, ոչ էլ, առավել ևս, Շառլի համար՝ Ֆրանսիան. ավելին՝ Սարոյանի համար Ամերիկան էր հարազատ երկիր, և Շառլի համար՝ Ֆրանսիան, և Ամերիկայի համար Սարոյանն էր հարազատ, և Ֆրանսիայի համար՝ Շառլ Ազնավուրը, և, փաստորեն, Սարոյանն ու Շառլ Ազնավուրը երկու հայրենիք ունեին. Սարոյանի դեպքում դրանք ԱՄՆ-ն ու Հայաստանն էին, և Շառլի դեպքում՝ Ֆրանսիան ու Հայաստանը, և բնական է, որ Սարոյանի վերջին հանգրվանը Միացյալ Նահանգներն էր, և Շառլ Ազնավուրինը՝ Ֆրանսիան, և Սարոյանին հիշելս տեղին է նաև այն առումով, որ, ինչպես Սարոյանի դեպքում, Շառլի դեպքում էլ ճիշտ կլինի, եթե Սարոյանի պես Շառլն էլ Երևանի Կոմիտասի պանթեոնում իր խորհրդանշական հանգրվանն ունենա, և Սարոյանի ու Շառլի համեմատությունը ճիշտ է ոչ միայն այն իմաստով, որ երկուսն էլ հանճարեղ էին, այլև որ՝ երկուսն էլ, փաստորեն, սփյուռքահայ էին, բայց երկուսին էլ սփյուռքահայ չէինք անվանում, որովհետև երկուսն էլ էապես էին տարբերվում մեր ճանաչած ու իմացած բոլոր սփյուռքահայերից, և ինչքան որ այլ սփյուռքահայերից տարբեր էին, այնքան նման էին իրար:
Շառլը ֆրանսիական երաժշտության միակ լուսավորիչն էր»: Սա արդեն Ալեն Դելոնի խոսքերն են: Ինչ էլ ասենք ու գրենք, ավելի լավ ու ավելի ճիշտ չենք ասի: Այսուհանդերձ, Շառլի մասին դեռ շատ պիտի խոսենք ու գրենք: Որովհետև Շառլ Ազնավուրն այն մեծությունն էր, ով ամենից ավելի պիտանի եղավ իր հայրենիքին: Ավելի ճիշտ՝ իր երկու հայրենիքներին:
Եվ առանց Շառլ Ազնավուրի դժվար է մեր երկիրն ու մեր ժամանակը պատկերացնել:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ