Հոկտեմբերի 27-ին «Դեբատ» բանավեճի ակումբում տեղի ունեցավ քննարկում «Ընտրական օրենսգիրքը՝ որպես քաղաքացիական հասարակության ձևավորման հիմնաքար» խորագրով։
Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ դասախոս, սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Սամվել Բադալյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության ամբիոնի դոցենտ Վարդան Խաչատրյանը, «Ժողովուրդն է տերը երկրի» միավորում հ/կ-ի նախագահ Աղասի Մանուկյանը։
Բադալյանն ասաց, որ խորհրդարանական ընտրությունների շուտ տեղի ունենալը պետության օբյեկտիվ շահերից է բխում, քանի որ իրավիճակը, որը ստեղծվել է ներկայումս ոչ ստանդարտ է, և կարելի է ասել՝ ոչ սահմանադրական․
«Մենք հիմա մի այնպիսի իրավիճակ ունենք, երբ փաստացի մեծամասնությունը խորհրդարանական մեկ քաղաքական ուժ է, իսկ կոնկրետ իշխանությունում՝ մի քանի այլ քաղաքական ուժեր։ Սա Սահմանադրության բովանդակությունից չի բխում»։
Բադալյանը նորմալ համարեց թաղային հեղինակությունների մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին և ասաց, որ դա ժողովրդի կամքն է, իրենք են որոշում, թե ով պետք է իրենց ձայնը ներկայացնի ԱԺ-ում։
Իր հերթին Վարդան Խաչատրյանն ասաց, որ ներկայիս Սահմանադրությունը տարբեր սահմանադրություններից ներառումների բազմություն է։
«Այլ սահմանադրություններից ներառումներ կատարելը իրենից ենթադրում է, որ մեր երկիրը չունի համապատասխան մասնագետներ, որոնք սպեցիֆիկ են և ի վիճակի են գրել սեփական Սահմանադրությունը»։
Նա նաև կարևորեց, որ սկսվեն փիլիսոփայական քննարկումներ՝ Հայաստանում օրենքների կարևորության մասին։
Խաչատրյանը ուշագրավ համարեց, որ որոշումները ընդունվեն հասարակական համապատասխան շրջանակների կողմից։
«Օրինակ՝ ստալինյան բանտում «գողական» օրենքները գրել են իրավաբանները, որոնք նստած էին այդ բանտում, և այս օրենքների ճշգրտությունը ավելի բաց է, քան գոյություն ունեցող քաղաքացիական հասարակությունում այդ ժամանակաշրջանի օրենքները․, այսինքն` մի բան է, որ իրավաբանը դրանք գրում է իր գրասենյակում նստած, մեկ այլ բան, որ նրա կյանքն է կախված դրանցից»։
Խոսելով սահմանադրության փորձի մասին, նա ասաց, որ այն Հայաստանում բավականին նեգատիվ է․
«Տարիներ շարունակ սահմանադրական հանրաքվեները եղել են ծիծաղելի։ Արտասահմանյան դիտորդները ասել են, որ իրենք երբևէ չէին տեսել, որ ոստիկանը 10 անձնագիր ձեռքին մտնի, քվեարկի 10 հոգու փոխարեն ու դուրս գա։ Եվ այս ամենը հենց դիտորդների աչքի առաջ»։
«Ժողովուրդն է տերը» հ/կ-ի նախագահ Աղասի Մանուկյանն ասաց, որ քաղաքական դաշտում ժողովուրդը՝ որպես երկրի իրական տեր չի ընդունվում, և սա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։
«Եթե մենք ընդունում ենք, որ ժողովուրդն է երկրի տերը, ապա պետք է հասկանալ, որ Սահմանադրությունը ժողովրդի միջև կնքված պայմանագիր է և ոչ թե իշխանության։ Անգամ, երբ արտասանում ենք իշխանություն բառը, դա նշանակում է, որ արդեն զավթված իշխանության մասին է խոսքը, որի հետ պետք է հաշվի նստել»։
Նրա խոսքով, ստացվում է այնպես, որ թեկուզ ամենալավ ընտրությունների արդյունքում իշխանությունը զավթած անձինք իրենց իշխանությունը պահում են և գրում իրենց համար համապատասխան լծակներով սահմանադրություն։ Նրա կարծիքով, ժողովրդավարությունը գաղափարախոսություն չէ, այլ պետական կառավարման համակարգ, և իրական ժողովրդավարությունը կարելի է ձևավորել միայն Սահմանադրությամբ։
Մանուկյանը Ընտրական օրենսգիրքը որակեց խայտառակություն և ասաց․ «Պատկերացնենք, որ Հայաստանում կա, օրինակ, 80 կուսակցություն, որոնցից 34-ը մասնակցում են խորհրդարանական ընտրություններին։ Դրանցից 30-ը ստանում են 2% ձայն, 4-ը 5%-ից ավելի․ ստացվում է 60 % ժողովրդի ձայնը բաշխում են մյուսներին։ Ես քաղաքացի եմ, ինձ հետաքրքրում է՝ իմ ձայնը գողանում ես քո օրենքի միջոցով, թե՞ ընտրակեղծիքի»։
«Ժողովուրդն է տերը» հ/կ-ի նախագահը կարծում է, որ եթե 10000 մարդ իր ձայնը տվել է որևէ կուսակցության, ապա ԱԺ-ում պետք է՝ այդ 10000 հոգու ցանկությունը գոնե մեկ ձայնով լսելի լինի։
Քննարկման մասնակիցները վստահ էին, որ խորհրդարանի գերակշիռ մասը կլինի վարչապետի պաշտոնակատարին աջակցող քաղաքական ուժը կամ ուժերը։
Իսկ Aravot.am-ի այն հարցին, թե ՀՀԿ-ն կկարողանա հաղթահարել 10%-ի շեմը, Մանուկյանը պատասխանեց՝ շատ ավելի հավանական է, որ նույն ՀՀԿ-ականները մեկ այլ կուսակցության անվան ներքո առաջադրվեն։
Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ