Պատմության ընթացքում չի եղել մի ժամանակահատված, երբ որևէ միջազգային փաստաթղթով Արցախն ամրագրվի որպես Ադրբեջանի մաս: Այս մասին «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի դե յուրե միացումը Հայաստանի Հանրապետությանը. իրավաքաղաքական մեխանիզմներ» թեմայով սեմինար-քննարկմանն ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ դեռևս առաջին աշխարհամարտի ավարտից հետո՝ համաձայն Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի զեկույցի, Արցախը հռչակվել է որպես Հայաստանի մաս. ավելին, ըստ այդ զեկույցի Հայաստանին է ամրագրված նաև ներկայումս Ադրբեջանի կողմից վերահսկվող ևս 7-8 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ Արցախի հյուսիսային հատվածում:
«Կարծում եմ, որ մենք պետք է միջազգային հանրությանն ավելի հետևողականորեն ներկայացնենք նրանց իսկ կողմից ժամանակին կատարված առաջարկներն ու որոշումները և պնդենք, որ ցանկացած շեղում ի վնաս հայերի՝ նշանակում է ստալինյան քաղաքականության հաղթանակ՝ միջազգային իրավունքի նկատմամբ»,- ասաց Ա. Պապյանը:
Նա նշեց, որ Արցախը Հայաստանին դե յուրե միավորելու համար անհրաժեշտ է իրավական հիմք: Իսկ Փարիզի վեհաժողովում՝ Ազգերի լիգայի ԳԽ որոշում-առաջարկի համաձայն, որոշվել է Արցախի պատկանելիության հարցը և հստակ սահմանները, սակայն դրա իրականացումը տեղի չի ունեցել բոլշևիկյան բռնազավթումների հետևանքով: Միայն 1991 թվականից հետո Հայաստանի կողմից (ներառյալ Արցախի) տեղի է ունեցել դեօկուպացիայի պատերազմ և Հայաստանը վերականգնել է իր իրավունքի մի մասը՝ իրեն միջազգայնորեն պատկանող տարածքի վրա:
Նա ընդգծեց, որ սա նաև հիմք է վերանայելու Մադրիդյան սկզբունքները: «Մենք մոռանում ենք, որ պաշտոնական բանակցությունների հիմքում 12 տարի է դրված է 7 շրջանների վերադարձի հարցը: Անզգուշորեն, թե դիտավորյալ, մենք ի սկզբանե սխալ ճանապարհով ենք շարժվել՝ միշտ տարածքներ զիջելու պատրաստակամություն հայտնելով, ինչն եղել է մեր պաշտոնական դիրքորոշումը և շարունակում է մնալ առ այսօր»,- ասաց Ա. Պապյանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ