Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավայրը՝ կրթավայր. 14 անդամից բաղկացած ընտանիքի հոգսը թեթեւացնելու նպատակով սննդամթերք գողացող պատանու պատմությունը

Հոկտեմբեր 27,2018 22:53

Այբ, բեն, գիմ, դա, եչ, զա…. 7 տարեկան էր Ռոբերտ Հովհաննիսյանը, երբ մոր հետ առաջին անգամ «Կտոր մը երկինք» ֆիլմը նայելուց հարցրեց, թե ինչ են այբն ու գիմը։ Մայրը բացատրեց, որ հայոց այբուբենն է, դպրոցում կսովորի։ Այդ ժամանակ թե Ռոբերտը, թե նրա Արմենուհի մայրը չէին կարող պատկերացնել, որ մեսրոպյան տառերը կսովորի 26 տարեկանում՝ կալանավայրում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում։ Հետո շատ անգամ է տեսել «Կտոր մը երկինք»-ը, լսել Թորիկի այբ-բեն-գիմն ու իրեն համեմատել երազկոտ Թորիկի հետ։ Բայց առաջին դասարանցու նստարանին երազկոտ Ռոբերտի մտքերը ոչ թե երկնքի ճախրող թռչուններն էին, այլ փող աշխատելն ու տուն տանելը։

Դպրոցից՝ գոմ

Հայրը՝ Գագիկ Հովհաննիսյանը Արցախի համար ծանր օրերին առաջնագծում էր։ Ընտանիքն էր Արցախում, իր աչքի առաջ։ Չի հիշում՝ կոնկրետ, թե որ գյուղում էին ապրում։ Պատմում է, որ տառերը սերտելու փոխարեն, դասից փախչում՝ սրա-նրա գոմն էր մաքրում, բոստանների խաշամն էր հավաքում, բակերն էր ավլում…. Օրվա վաստակը՝մեկ-երկու հատ լավաշ, երկու բուռ բրինձ, հինգ հատ կարտոֆիլ։ Երբ կարգին սնունդ էր ունենում՝ ներքուստ ուրախանում, հաղթանակած էր զգում, որ իրենից փոքր քույրերն ու եղբայրները սոված չեն մնա, որ մայրը կաթ կունենա կրծքով կերակրելու համար։ Մորը խաբում էր, որ սնունդը դպրոցից գալուց հարեւաններն էին տալիս։ Ազատամարտիկ հայրը Ռոբերտին բացատրել էր, որ ստելուց վատ բան չկա, բայց նա չէր կարող տեսնել տան ահավոր վիճակը։ «Չարաճճի երեխա էի ու դասատուներին ձեռնտու էր որ ես դպրոցում չլինեի։ Դրա համար բացակա չէին դնում ու մորս չէին բողոքում»,-հիշում է Ռոբերտը։

Գոմ մաքրողից՝ «տելեպուզիկ»

Հայրը վիրավորվեց, ընտանիքով տեղափոխվեցին Երեւան։ Որպես բազմանդամ ընտանիք՝ Հույսի ավանում տուն ստացան։ Ռոբերտին ընդունեցին ԳՈՒՄ-ի մոտակայքում գտնվող հատուկ դպրոցը։ Հաշվի առնելով տարիքն ու արցախյան դպրոցում սովորածը՝ Ռոբերտին ընդգրկեցին 5-րդ դասարանում։ Շատ բարդ էին գրել-կարդալ չիմացողի համար այդ դասերը ու ձանձրանում էր։ Հուսահատությունն էր նաեւ խանգարում, քանզի ականջներում երկու տարեկան եղբոր Տիգրանի աղեկտուր լացն էր՝ սովածությունից։ Նորից աշխատանք, բայց մայրաքաղաքում գոմեր ու բոստաններ չկային։ Թափառեց ու գտավ՝ «տելեպուզիկի» գործ։ Որոշեց մինչեւ ժամը 5-ը կաշխատի ու տուն կգնա, քանի որ դպրոցից վերադառնալու ժամն էր։ Հագավ «տելեպուզիկի» հանդերձանքը եւ կարծես վատ չէր։ Ընկերների համար ամեն օր քաղցրավենիք էր գնում, որպեսզի բերանները տնեցիների մոտ փակ պահեին։ Փող չէր տանում տուն, միայն սնունդ՝ որ չկասկածեն։ Տանն ասում էր, որ դպրոցից են տվել։ Կար այդպիսի կարգ, երբ չէիր գիշերում հատուկ դպրոցում՝ ընթրիքդ ու նախաճաշդ տուն էիր տանում։ Պարզապես համոզել էր՝ որպես բազմանդամ ընտանիք շատ սնունդ էին տալիս։ Հոգսաշատ մայրը հավատում էր որդուն։

Աշխատանք չկար՝ էլի միջոց դարձավ գողությունը

Ռոբերտի կյանքում սկսվեց մի ծանր ժամանակաշրջան։ Հայրն ու մայրը ամուսնալուծվեցին։ Երեխաներին տարան Հայ օգնության ֆոնդի կացարան, հետո Աշտարակի մանկատուն, իսկ վերջին կանգառն Արցախն էր։ Քույր-եղբայրներով մի տնակում էին ապրում։ Օրվա հացը հայթայթելու խնդիրը Ռոբերտի վրա էր։ Էլի գոմ ու բաղ-բոստան…Մի օր էլ հայրն ու մայրը եկան երեխաներին տուն տանելու։ Հաշտվել էին։ Պետբյուջեից որպես բազմազավակ ընտանիք բնակարանային պայմանները բարելավելու նպատակով գումար էին ստացել ու Նոր Խարբերդում տուն էին գնել՝ հողամասով։ Մի հարկի տակ էին, բայց էլի հացի խնդիրը։ Թոշակն ու նպաստը չէր հերիքում։ Աշխատանք չկար։ Միակ միջոցը՝ գողությունն էր…..

Ոսպ ու ձավարի համար՝ 6 տարի, 9 ամիս

Ռոբերտ Հովհաննիսյան

Առաջին անգամ 20 տարեկանում բռնվեց՝ 2011 թվականին։ Դավթաշենի խանութներից մեկից սնունդ էր գողացել։ Չհասցրեց տուն տանել։ Բռնվեց։ Չկալանավորեցին, բայց դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման եւ 2011թ-ի համաներմամբ ազատվեց պատժի կրումից։ Երկրորդ գողությունը 2012թ-ի փետրվարին էր։ Էլի սնունդ։ Դատապարտվեց ազատազրկման՝ 6 ամիս ժամկետով։ Կալանքից ազատվելուց հետո փորձեց աշխատանք գտնել։ Ստացվեց։ Շինարարությունում էր աշխատում։Օրական 3 հազար դրամ էր ստանում։ Իրենից փոքր 10 քույր ու եղբայր ուներ՝ չէր հասցնում։ Մեծ եղբայրն էլ էր աշխատում, բայց ծայրը ծայրին չէին հասցնում։ Բանակ չգնաց։ Զինծառայությունից ազատվեց՝ սահմանափակ մտավոր թերզարգացում հիվանդության ախտորոշմամբ։ Ելք չունենալով, նորից դիմեց վտանգավոր արհեստին՝ գողությանը։ Բնակարաններ էր մտնում։ Արժեքավոր իրեր գողանալուց վաճառում, սնունդ էր առնում՝ տուն տանում։ Հարցեր չէին կարող առաջանալ, քանի որ Ռոբերտը աշխատում էր։ Մի օր բռնվեց։ Լուցկի, ոսպ, ձավար, եգիպտացորենի պահածո, խտացրած ապուր, տղամարդու կիսագուլպաներ, կանացի բաճկոն էր գողացել։ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն արագացված ընթացակարգով հաշվի առնելով, որ հանցանքը կատարել է ծանը նյութական վիճակից դրդված, 14 անդամից բաղկացած ընտանիքի հոգսը թեթեւացնելու նպատակով, Ռոբերտ Հովհաննիսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրօրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով՝ գողություն եւ դատապարտեց ազատազրկման՝ 6 տարի 9 ամիս ժամկետով։ Պատմում է, որ այդ պահին ոչ թե կալանքի ժամկետն էր հետաքրքրում, այլ այն թե ինչ կլինի գողոնը։ Դատարանը որոշեց գողացված սնունդն ու հագուստը թողնել տուժողների տնօրինությանը։ «Չէի պատկերացնի, որ տուն կտանեին։ Մտածում էի՝ մերոնց կտան որպես բարեգործություն։ Չէ որ տուժողներս ունեւոր էին։ Ես գիտեի ում եմ վնաս պատճառում»,-ասում է Ռոբերտը։

Գաղութը՝ դպրոց

Նախորդ 6-ամսյա կալանքում հասցրել էր ծանոթանալ քրեական ենթամշակույթի չգրված գործող կանոններին։ Հենց այդ ժամանակ հաստատապես որոշել էր՝ «գողականը» իրենը չի։ Բայց նորից զոն, բարձր պարիսպներ, փշալարեր…Խցակիցները գիրք էին կարդում՝ օրը մեռցնելու համար, իսկ ինքը գրել-կարդալ չգիտեր։ Մի օր տեղեկացավ, որ ՔԿՀ-ում խեցեգործ-կավագործության ու նկարչության խմբակ է գործում։ Ցանկություն հայտնեց ընդգրկվել։Սկսեց կավից ծաղկամաններ պատրաստել, նկարազարդել, նկարել։

Հետո խաչքար պատրաստեց։ Ամիսներ անց համակարգչային հմտությունների դասընթաց բացվեց։ Ընդգրկվեց, բայց դժվարանում էր՝ տառերը չգիտեր։ Պարզվեց՝ կալանավայրում այդ հնարավորություն էլ կա. սկսեց հաճախել հայոց, ռուսաց լեզուների, մաթեմատիկայի դասերի։ Նորից կանգնեց դժվարության առաջ։ Դասընթացները շաբաթական մեկ օր էին կազմակերպվում եւ ֆիզիկապես հնարավոր չէր մասնակցել 5-6 խմբակի։ Տեսնելով նրա աշխատասիրությունը՝ դասընթացավարները միջնորդում են դասընթացները կազմակերպել շաբաթական մի քանի օր։ Առաջարկն ընդունվեց։ Բայց իր իսկ խոսքով՝ Ռոբերտին բախտ որտեղի՞ց: Եկավ մի օր, երբ սովորող 30 դատապարտյալներից միայն ինքը մնաց։ Հանկարծ մնացածին սկսեց չհետաքրքել ուսումը։ Թե ինչու՝ չի կարող ասել։ Գուցե խանգարեց քրեական ենթամշակույթի մտածելակերպը կամ ոմանց թվում էր թե մասնակցելով դասընթացներին՝ պատժի կրումից վաղաժամկետ պայմանական կազատվեն։ Մնաց մենակ, բայց չընկճվեց։ Պայքարեց, ընդվզեց եւ հաշվի առնելով նրա բուռն ուսումնատենչ ցանկությունը՝ դասընթացները չփակվեցին։ Ռոբերտի ջանքերով էլ նրա բախտակից ընկերները սկսեցին հաճախել դասերին։«Պարզապես գովազդ էր պետք, շատերը տեղյակ չէին ու հիմա արդեն տարբեր հմտություններ են ձեռք բերել»,- նշում է Ռոբերտը։

Կալանավայրում կրթություն ստանալը փոխեց նրա պատկերացումները կյանքի մասին։«Հիասթափված էի կյանքից, ապրելու իմաստս կորել էր, սակայն սովորելով հասկացա, որ ոչ ոք ինձ այլեւս չի կարա խաբի»,-ասաց Ռոբերտը՝ ավելացնելով, որ եթե ժամանակին գրել-կարդալ իմանար, գուցե չհայտնվեր բանտում։

«Շինարարությունում աշխատելիս օրական 3 հազար դրամ էի ստանում։ Միայն անունս գրել գիտեի ու թղթեր էին ստորագրել տալիս։ Պարզվեց, որ ես օրական իբր ստացել եմ ոչ թե երեք, այլ ինը հազար դրամ»,-ասաց Ռոբերտը։ Առարկեց, պնդեց, որ քիչ է ստացել, բայց իզուր։ «Չստորագրեիր՝ սա էր պատասխանը։ Ստորագրել ես` ուրեմն ստացել ես։ Հակառակն ապացուցել չէի կարող»,-ասաց Ռոբերտ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ գուցե օրական 9 հազար դրամը բավականացներ ընտանիքի ծախսերի համար ու ինքը չդիմեր գողության։ «Հիմա հաստատ չեմ խաբվի։ Կկարդամ, նոր կստորագրեմ ցանկացած փաստաթուղթ։ Գրագետ եմ»,-հպարտությամբ ասում է նա։ Վկայականներ ունի դասընթացներին մասնակցելու մասին։

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար ցանկալի պայման է գործող դասընթացներում ընդգրկվելը։ «Բայց դատավորը հիմք չի ընդունում։ Ասում է՝ ըստ էս թղթի մասնակցել ես։ Թուղթ բեր, որ կա առաջընթաց, այսինք Ա կետից հասել ես Գ կետին կամ Ֆ կետին»,-ասում է Ռոբերտը։ Ինչքան էլ դատավորին համոզեց որ տառերը չգիտեր, իսկ հիմա նույնիսկ ստեղծագործում է, դատարանը մնաց իր դիրքորոշմանը։ «Ախպեր ջան բարաթ բեր, վկայականիդ պես կնիքված բարաթ, որ աճ կա, որ ուղղվում ես ու դրականն ես գնում»,- ասել էր դատավորը դատապարտյալին։

Ռոբերտը չի կարող ասել՝ ուղղվե՞լ է, թե չէ, բայց հաստատ փոխվել է։ «Դատավորի ֆունկցիա չվերցնեմ ինձ վրա, բայց ես առաջվանը չեմ։ Լավատես եմ ու կրթված։ Շնորհակալ եմ բոլոր դասընթացավարներին՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ տիկին Հասմիկին, խեցեգործության՝ տիկին Ժասմինին, մաթեմատիկա ու տրամաբանության՝ տիկին Փառանձեմին, նկարչության եւ կիրառական վիտրաժի՝ տիկին Հասմիկին, համակարգչային հմտությունների՝ պարոն Արտաշին։ Նաեւ ՔԿՀ-ի հոգեբաններին եմ շնորհակալ, որ աշխատում են հետս»,-ասաց Ռոբերտը։ Հիմա հոգեբանության թրեյնինգի է մասնակցում՝ փորձելով կամքի ուժ ձեռք բերել, փորձություններին դիմակայելու փորձություններ…

Ես եմ միակ մեղավորը, որ խրվեցի

Սա Ռոբերտ Հովհաննիսյանի ստեղծագործություններից մեկի վերնագիրն է։ Կյանքի, կորցրած սիրո մասին է ստեղծագործում։Մի օր գուցե գրածները տպագրվեն, բայց հիմա չի ուզում հրապարակվեն։ «Առաջին փորձերս են։ Թող մնա հետո, երբ գրիչս հասուն կլինի»,-ասաց 27-ամյա դատապարտյալը։ Ինքն իր իսկ ստեղծագործությունները նկարազարդում է, մեկ-մեկ էլ բարկանում մտքի հանդուգն թռիչքի վրա ու պատառոտում թղթերը։

Հասցրել է գրվածքների մի տետրը ուղարկել տուն՝ մորը հորդորելով մինչեւ ազատվելը ոչ մեկի ցույց չտալ։ Բայց խոստացավ այդ տետրից մեկ-երկու էջ լուսանկարել եւ ուղարկել խմբագրություն։ Խոստումը Ռոբերտը կատարեց։

Չգիտի՝ պայմանական վաղաժամկետ կազատվի, թե մինչեւ վերջին օրը կկրի պատիժը եւ 2021 թվականի ամռանը կլինի ազատության մեջ՝ բայց մի բան հաստատ գիտի. իր զավակները ոսկեղենիկ հայերենը սերտելուց չպետք է մտածեն հացի խնդրի մասին, որ սովորեն՝ չխաբվելու եւ չխրվելու համար, ինչպես ինքը։ Խրվեց՝ միակ մեղավորն էր, բայց Աստծո կամքն էր՝ ավելի կոփվեց, ավելի սիրեց կյանքը, ապրելու եւ պայքարելու իմաստը հասկացավ։ Ու երբեք չի մոռանա իր «այբ, բեն, գիմ»-ի պատմությունը, որը կփոխանցի թե իր երեխաներին թե իր թոռներին:

Արմենակ ԴԱՎԹՅԱՆ

լրագրող, այժմ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031