Հոկտեմբերի 27-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ «Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» խորագրով միջոցառումը։
Հանդիպման հատուկ հյուրերն էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը և ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։
Միջոցառման նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել անազատության մեջ գտնվող անձանց կրթության իրավունքի իրացման հարցերի վրա:
Այն իրականացվեց Դի-Վի-Վի Ինթրնեյշնլ հայաստանյան գրասենյակի կողմից և Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
Բացման խոսքով ելույթ ունեցան Դի-Վի-Վի Ինթրնեյշնլ հայաստանյան գրասենյակի տնօրեն է․ Հակոբյանն ու Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։
Հակոբյանը ասաց, որ միջոցառումը տեղի է ունենում հոկտեմբերի 27-ին, քանի որ այն բանտային կրթության միջազգային օրն է։
Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանը, ՀՀ արդարադատության և ԿԳՆ փոխնախարարները։
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը կարևորեց, որ բանտարկյալների վերադարձը հասարակություն և ասաց, որ այս գործում շատ կարևոր է բանտարկյալներին շարունակական կրթության տալու հնարավորությունը, թույլ տալը, որ շփվեն մշակույթի և արվեստի հետ։ Ըստ նրա, այս ամենը պետության և հասարակության քարոզի արգասիքը պետք է լինի։
Իր հերթին ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ասաց, որ արդարադատության նախարարությունը և կառավարությունը վերջին շրջանում բազմաշերտ և մեծածավալ բարեփոխումներ են իրականացնում քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգում։
«Միայն վերջին ամիսներին մենք ունենք նորովի ձևակերպված, նոր սահմանադրությանը և նոր իրականությանը համահունչ ներման և պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգեր։ Մշակման փուլում է գտնվում համաներման նախագիծը։ Նաև նախաձեռնել ենք քրեական պատիժների ոլորտում և քրեակատարողական հիմնարկներում աննախադեպ և արմատական բարեփոխումներ»։
Նրա խոսքով, արդարադատության նախարարությունը փորձում է կիրառել հոգեբանական, սոցիալական, կրթական միջոցառումներ թե պատժի կրման ընթացքում և թե դրանից հետո։
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ասաց, որ առանց կրթության հնարավոր չէ պատկերացնել հասարակության զարգացումը։
«Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք և արդարադատության նախարարությունը համատեղ աշխատենք, որպեսզի կրթական իրավունքը իրացնենք և որքան շատ իրացնենք այս իրավունքը, այնքան արդարադատության նախարարության բյուջեն կխնայվի, որովհետև ավելի քիչ մարդիկ հետագայում կհայտնվեն քրեակատարողական հիմնարկներում»։
Հանդիպման ավարտին, ցուցադրության և հանրահռչակման բաժնի վարիչ Ա․ Միքայելյանը՝ «Սերգեյ Փարաջանովի բանտային արվեստը» խորագրով դասախոսություն կարդաց, որից հետո տեղի ունեցավ Փարաջանովին նվիրված «Իզոլացիա» գրքի շնորհանդեսը։
Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ