Հարցազրույց դերասանուհի ու ռեժիսոր Աննա Հարությունյանի հետ
– Տարիներ առաջ դերասանական ոլորտում ունեիք բավական հաջողակ կարիերա, սակայն, կարծես, ինչ-որ պահի որոշեցիք թողնել ամեն ինչ. ինչը ստիպեց գնալ այդպիսի փոփոխությունների:
-Երբ ասելիք ունես, միայն դերասան լինելը բավարար չէ, իսկ ռեժիսուրան միշտ էր հետաքրքրել:
-Ավարտել եք Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, ապա Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի՝ մագիստրատուրան՝ արվեստաբանության մասնագիտացմամբ, որից հետո ուսումը շարունակում եք Մոսկվայում: Կանխամտածվա՞ծ որոշում էր, եւ ինչու հենց Մոսկվա:
– ՎԳԻԿ-ը հարգի ինստիտուտ է, բացի այդ այնտեղ իրոք կարող ես գիտելիք ձեռք բերել: Պատահականություններ եղել են կյանքումս, բայց այս մեկը կանխամտածված էր:
-Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց առնչվել եք դերասանությունից ռեժիսուրայի անցնելիս:
– Մտածողության հարց է: Սկզբում իհարկե, թվում է բոլոր դերերը դու պիտի խաղաս նախկին սովորության համաձայն, բայց բավական է , առաջին սցենարը գրեի, որտեղ ինձ համար դեր չկար, և խնդիրը լուծվեց:
-«Աննա» հեռուստասերիալում եւ «Սիրո գործակից» ֆիլմում մարմնավորում էիք բացասական կերպար…
– Ոչ մի մարդկային բան ինձ օտար չէ: Չնայած ասում են, ամենադրական հատկանիշներով մարդն է կարողանում լիարժեք չարի կերպար ստեղծել: Ես ոչ մեկն եմ, ոչ էլ մյուսը:
-Կինոյից բացի խաղացել եք նաեւ թատրոնում: Ո՞րն է Ձեր ամենասիրելի դերը:
– Սիրելի դերեր չունեմ, ինձ մարդն է հետաքրքրում, որ ապրում է մեր կողքին, պարզ , հասարակ, իր խնդիրներով ու ուրախություններով…
-Ինպե՞ս եք վերաբերվում այսօրվա թատրոնին:
– Հավանում եմ Փոքր թատրոնը, այն հրաշալի է:
-Նոր նախագծերում կտեսնե՞նք Ձեզ:
– Չեմ կարծում։
-Ի՞նչն է կարեւոր նպատակին հասնելու գործում:
– Հավատը սեփական ուժերի նկատմամբ:
Զրուցեց Լիաննա ԹՈՐՈՍՅԱՆԸ
Լուսանկարը տրամադրել է Աննա Հարությունյանը: