Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղը ոռոգման ջուր չունի: Ապրելով 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարի աջ ափին, գյուղի բնակիչները չեն օգտվում այդ ջրամբարից, որպեսզի ոռոգեն իրենց տարածքները:
Բերքաբերում առկա է նաեւ խմելու ջրի խնդիր: Մշտապես խմելու ջուր կա միայն գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրում: Բերքաբեր գյուղի բնակիչներին խմելու ջուր մատակարարվում է երկու օրը մեկ, 2 ժամով: Բերքաբերի համայնքապետարանի շենքի առաջին հարկում տեղակայված Բերքաբերի բուժկետը դրանից էլ է զրկված:
Բուժկետի բուժքույր, 70-ամյա Լիդա Բուղդարյանն ասաց, որ 5-6 տարի առաջ բուժկետը սնուցող խմելու ջրի խողովակում վթար կար, որից տուժում էր բուժկետի տարածքը; Փոխանակ ջրագծի վթարը վերացնելու, կտրել-հեռացրել են բուժկետը սնուցող ջրի խողովակը: Լ, Բուղդոարյանը հայտնեց, որ բուժքրոջ իր գործառույթները կատարելու, համայնքի բնակիչներին սպասարկելու համար ինքն աղբյուրից դույլով ջուր է բերում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ