Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որին մասնակցեց ավելի քան 70 մարզիկ: Ըստ քաշային կարգերի չեմպիոնի կոչումը նվաճեցին.
Տղամարդիկ. 49 կգ՝ Նորիկ Սուքիասյան, 52 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, 56 կգ՝ Էրիկ Պետրոսյան, 60 կգ՝ Հրայր Շահվերդյան, 64 կգ՝ Հովհաննես Բաչկով, 69 կգ՝ Գառնիկ Պապիկյան, 75 կգ՝ Արման Դարչինյան, 81 կգ՝ Արտյոմ Գալստյան, 91 կգ՝ Հենրիկ Սարգսյան, +91 կգ՝ Դրաստամատ Ասլանյան:
Կանայք. 48 կգ՝ Սյուզաննա Շահնազարյան, 51 կգ՝ Անուշ Գրիգորյան, 64 կգ՝ Անի Հովսեփյան:
Առաջնությունից հետո ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք ուզում ենք հասնել այն բանին, որ Հայաստանի առաջնությունում կարեւորվի ոչ թե մասնակիցների քանակը, այլ որակը, քանի որ մասնակցում են մարզային առաջնություններում եւ ակումբներում ընտրված լավագույն բռնցքամարտիկները: Կայացած մարտերն ասածիս ապացույցն են, որտեղ գրեթե չեղան բացահայտ ուժեղներ կամ թույլեր: Քիչ առաջ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի հետ պայքարում էր երիտասարդականից դեպի մեծեր առաջին քայլն արած Բենիկ Նիկողոսյանը, որն ինչպես տեսաք, իր «ատամները ցույց տվեց» ու արժանիորեն դիմադրեց տիտղոսակիր մրցակցին»:
Հարցին, թե այս առաջնությունից հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի՞նչ ծրագրեր ունի, Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Հենց այսօր գործադիր կոմիտեի նիստ ունենք, որտեղ կամփոփենք առաջնությունը: Կզեկուցեն գլխավոր մրցավարը եւ կարգապահական հանձնաժողովի նախագահը, որոնց հիման վրա եթե հարկ լինի, հետեւություններ կանենք, պատժամիջոցներ կկիրառենք, նկատողություններ կհայտարարենք: Մրցաշարի արդյունքներով կձեւավորվի ազգային հավաքականը, որը տարեվերջին Ծաղկաձորում Բելառուսի թիմի հետ երկարատեւ ուսումնամարզական հավաք է անցկացնելու: Մենք արդեն մոտ ժամանակներս շատ լուրջ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնելու գալիք տարվա համար, որը շատ հագեցած է լինելու: Շատ մրցաշարեր ունենք, պետք է աշխարհի առաջնության, Եվրոպական խաղերի, օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարել: Միայն մեր աղջիկներից Անուշ Գրիգորյանը եւ Անի Հովսեփյանը այս տարի աշխարհի առաջնության դեռ պետք է մասնակցեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Արթուր Գեւորգյանի հետ զրույցի մյուս մանրամասները՝ առաջիկայում: