Այս օրերին Երևանում է անվանի դաշնակահար, Լատվիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ, արվեստագիտության դոկտոր, Լատվիայի վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը։ Մեծահամբավ երաժիշտը մասնակցել է Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնին՝ պրոֆեսոր, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի հետ ներկայացնելով Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպված Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը նվիրված է հայ մեծ կոմպոզիտորի 115-ամյակին։ Երաժշտական այս տոնն առիթ դարձավ հանդիպելու Ռիգայում բնակվող վաստակաշատ դաշնակահար Րաֆֆի Խարաջանյանի հետ և զրուցելու Արամ Խաչատրյանի մասին։
Րաֆֆի Խարաջանյանն անդրադարձավ Արամ Խաչատրյանի կապերի մասին Լատվիայի հետ։ «Արամ Իլյիչը հինգ անգամ այցելել է Լատվիա, որտեղ բեմադրվել են նրա «Սպարտակ», «Գայանե» բալետները, հեղինակային համերգներ է ունեցել։ Խաչատրյանը Ռիգայում ներկա է եղել կոմպոզիտորների միության պլենումին, որտեղ ի դեպ բավականին սուր տեսակետներ է հայտնել։ Եթե Խաչատրյանին ինչ-որ բան դուր չէր գալիս, ազատ ասում էր այդ մասին»,- նշում է Րաֆֆի Խարաջանյանը։
Նա նաև ընդգծեց Խաչատրյանի մանկավարժական գործունեությունը. «Այս անգամ ես եկել եմ, որպեսզի պատմեմ նրա մանկավարժական գործունեության մասին։ Բոլորը նրան գիտեն որպես մեծ կոմպոզիտորի, դիրիժորի, հրապարակախոսի (հիանալի հոդվածներ ունի), սակայն քչերն են խոսում նրա մանկավարժական գործունեության մասին։ Արամ Խաչատրյանն ունեցել է բազմաթիվ սաներ, ստեղծել է խաչատրյանական դպրոց։ Նրա դասարանում են սովորել Էդգար Հովհաննիսյանը, Միքայել Թարիվերդիևը, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Ռիբնիկովը, որը գրել է «Յունոնա և Ավոս» հանրահայտ ռոք օպերայի երաժշտությունը։ Բալթյան երկրներում Արամ Խաչատրյանն ունի երկու աշակերտ, երկուսն էլ պրոֆեսորներ են։ Նրանցից մեկը լատվիացի կոմպոզիտոր Գեորգ Պելեցիսն է, որ իր «Աշուղի ասքը» կոնցերտը՝ գրված ալտի, դուդուկի և կամերային նվագախմբի համար, նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Խաչատրյանի սաներից է նաև էստոնացի կոմպոզիտոր Ռենե Էսպերեն։ Արամ Խաչատրյանն իր սաներին սովորեցրել է շատ աշխատել, ստեղծագործել տարբեր ժանրերում և չկրկնվել։ Ես իմ՝ «Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները» աշխատության մեջ նշել եմ այդ մասին»։
Րաֆֆի Խարաջանյանը պատմում է, որ Խաչատրյանին լսում են ամենուրեք. հիշում է, որ հաճելի զգացումներ ապրեց, երբ վերջերս անցնում էր Ռիգայի փողոցներից մեկով, և բնակարաններից մեկի պատուհանից իրեն հասան Խաչատրյանի «Անտանտինոյի» հնչյունները՝ մանկական ալբոմից։
Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ