Քիչ առաջ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիլյանի թույլտվությամբ վերահսկող դատախազ Միհրան Մարտիրոսյանը փոխել է Գյումրու կենտրոնական Ռիժկովի ճեմափողոցում ոստիկանների հետ վիճաբանած երկվորյակ եղբայրներ՝ 1995 թվականին ծնված Կառլեն և Գառնիկ Առաքելյանների խափանման միջոցը, կալանավորումը փոխարինվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ ։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է նրանց փաստաբան Հայկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ երիտասարդների կալանավորումից ժամեր անց համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները նրանց ծեծելով բերման ենթարկում։ Ոստիկանների համար տեսանյութը եղել էր անակնկալ, քանի որ դատարանում նրանք ցուցմունք էին տվել, թե երկվորյակ եղբայրները փորձում էին փախուստի դիմել դեպքի վայրից, մինչդեռ տեսանյութում եղբայրներից մեկը տեղից անգամ չէր շարժվում։
Դատախազության լրատվական ծառայությունից էլ Aravot.am-ին տեղեկացրեցին․ «2018 թվականի հոկտեմբերի 17-ին, ուշ երեկոյան, ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի «Կումայրիի» բաժնի ՊՊԾ դասակի՝ ծառայության մեջ գտնվող 3 ոստիկաններ, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում մոտեցել են մեծ արագությամբ, անվադողերի տեղապտույտից առաջացած աղմուկով շրջանաձև երթևեկած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային և վարորդից պահանջել վարորդական վկայական: Սակայն այդ ժամանակ նրանց մոտ կայանվել է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ Գ. Ա.-ն, իջնելով մեքենայից սկսել է վիճաբանել ոստիկանների հետ: Այդ ընթացքում նույն մեքենայի ուղևոր Կ. Ա.-ն, չենթարկվելով ոստիկանների ներկայացրած՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու օրինական պահանջին, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով, բռունցքով հարված է հասցրել ոստիկաններից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ապա վերջինս փորձել է դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն տեղում գտնվող և դեպքի վայր ժամանած ոստիկանները նրա նկատմամբ համաչափ ֆիզիկական ուժ գործադրելով բերման են ենթարկել ոստիկանության Գյումրի քաղաքի «Կումայրիի» բաժին:
Փաստի առթիվ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը և կատարվել նախաքննություն:
2018 թվականի հոկտեմբերի 20-ին և 21-ին համապատասխանաբար որոշումներ են կայացվել Կ. Ա.-ին և Գ. Ա-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալներ ներգրավելու մասին և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են հարուցվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որոնք բավարարվել են։
Չնայած մեղադրյալներն սկզբում առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չճանաչելու հանգամանքին՝ հոկտեմբերի 26-ին որպես մեղադրյալ լրացուցիչ հարցաքննվելիս՝ նրանք իրենց լիովին մեղավոր են ճանաչել՝ խոստովանելով, որ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության աշխատակիցներից մեկի դեմքին, հրել և վայր գցել ոստիկանության մյուս աշխատակցին, իսկ մյուսը մոտենալով ոստիկանության երրորդ աշխատակցին, բռնել նրա համազգեստից, ուժեղ թափահարել և բռունցքով երկու անգամ հարվածներ հասցրել վերջինիս դեմքին։ Այս հանգամանքներն իրենց ցուցմունքներով հաստատել են նաև դեպքին ականատես վկաները, ինչպես նաև մեղադրյալների հետ առերես հարցաքննության ժամանակ՝ գործով տուժող ճանաչված ոստիկանները:
Հաշվի առնելով, որ մեղադրյալներ Կ և Գ. Ա-երը տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, որոնք չեն հակասում գործով անցնող մյուս անձանց ցուցմունքներին և այլևս առկա չէ մտավախությունը, որ մեղադրյալները մնալով ազատության մեջ, կարող են քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, այսինքն՝ վերացել է նրանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը՝ հոկտեմբերի 27-ին Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից որոշումներ են կայացվել մեղադրյալներ Կ. և Գ. Ա.-երի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես նոր խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ