Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջամտելը քրեորեն պատժելի է. հոգեբուժարանի տնօրենը թույլ է տվել անօրինական վարքագիծ

Հոկտեմբեր 27,2018 17:06

Հոկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է հայտարարություն այն մասին, որ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, ով հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։

Հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ է տվել անօրինական վարքագիծ:

Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հոգեբուժական օգնության ոլորտում իրավունքների երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնային ուղղությունն է: Ընդ որում, աշխատանքներն այս ոլորտում տարվում են գործընկերների նկատմամբ հարգանքի ու նրանց հետ համագործակցության սկզբունքներով: Հրապարակային հայտարարություններն էլ կազմվում են այնպես, որ նույնանման իրավիճակների համար ունենան կանխարգելիչ նշանակություն:

Հենց այս հիմնարար սկզբունքներից ելնելով էլ կազմվել և տարածվել է հոկտեմբերի 26-ի հայտարարությունը: Դա է նաև պատճառը, որ հայտարարության տեքստում չի նշվել կոնկրետ հաստատության անվանում կամ անհատականացնող այլ տվյալ:

Այնուամենայնիվ, սույն հայտարարությամբ ստիպված ենք արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որը նախկինում կոչվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն: Այդ կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն այսօր զանգահարել է Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին և վրդովված փորձել է ներկայացնել իր պահանջներն ու դժգոհությունը: Մասնավորապես, նշված պաշտոնատար անձը պնդել է, թե Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պետք է բացահայտված դեպքի մասին հայտարարությունը համաձայնեցնեին իր հետ: Սպառնացել է, որ քայլեր կձեռնարկի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պատասխանատվության ենթարկելու համար:

Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի այս անօրինական վարքագիծը Մարդու իրավունքների պաշտպանը համարում է զբաղեցրած պաշտոնի ու կարգավիճակի չիմացության ակնհայտ դրսևորում:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է ահազանգի հիման վրա ս.թ. հոկտեմբերի 26-ին նշված հոգեբուժական կազմակերպություն կատարված չհայտարարված այցի ընթացքում բացահայտված դեպքը: Հայտնաբերված կոնկրետ անձն առանց հիմքերի, այսինքն՝ անօրինական պահվել է հոգեբուժարանում: Նա կարողացել է այն լքել միայն Պաշտպանի իրավասու ներկայացուցչի միջամտությունից հետո:

Այս դեպքով Պաշտպանի աշխատակազմում կազմվում է մարդու իրավունքների խախտման առկայության մասին որոշում, որը կներկայացվի Առողջապահության նախարարի պաշտոնակատարին՝ խախտման բնույթով պայմանավորված անհրաժեշտ առաջարկներով:

Հաշվի առնելով հոգեբուժարանի տնօրենի անօրինական վարքագիծը՝ Մարդու իրավունքների պաշտպանն գտնում է, որ Առողջապահության նախարարությունը նրա համար պետք է կազմակերպի դասընթացներ և իր ենթակայությամբ գործող կազմակերպության ղեկավարին բացատրի, որ Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրությամբ նախատեսված անկախ պաշտոնատար անձ է, ում  լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Հոգեբուժական կազմակերպության տնօրենի հետ այսօրվա կարճ շփումից Պաշտպանի աշխատակազմին ակնհայտ է դարձել, որ այդ դասընթացների ընթացքում նրան պետք է նաև բացատրել՝ ինչ իրավական կարգավիճակ ունի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն տնօրենը և ինչ խնդիրներ են դրված այդ հաստատության առջև: Առանձնակի հետևողականությամբ պետք է բացատրել՝ որն է հոգեբուժական կազմակերպությունում մարդուն հոժարակամ կամ հարկադիր բուժման ենթարկելու կարգը, որոնք են այդ մարդու իրավունքները և նրան հոգեբուժարանում օրինական հիմքերով պահելու դեպքերը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է ցուցաբերել այս հարցում անհրաժեշտ աջակցություն։

Խիստ զգուշացնում ենք, որ նման փորձի կրկնման դեպքում կբարձրացվի հոգեբուժական նշված կազմակերպության տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկելու հարց:

Հոգեբուժական օգնության ոլորտում մարդու իրավունքների ապահովումը շարունակում է գտնվել Պաշտպանի ուշադրության կենտրոնում, և հոգեբուժական հաստատություններ կատարվող չհայտարարված այցերը շարունակելու են կրել պարբերական բնույթ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031