«Նախկինում՝ ոստիկանության հանդեպ հանրության վստահության ցածր մակարդակի պայմաններում, նման բարեփոխումը կարող էր ձախողել եւ դառնալ կոռուպցիոն լրացուցիչ ռիսկերի պատճառ: Բայց մեր երկրում կատարված քաղաքական վերջին փոփոխությունները հույս են տալիս, որ վերջապես կարող ենք առերեսվել մի շարք ռիսկերի հետ, որոնք ուղղակի սպառնալիք են մեր ներքին անվտանգությանը»,-Ոստիկանությունում այսօր տուգանքների կիրառման բալային համակարգի օրենքի նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Նրա խոսքով՝ այսօր ոստիկանության հանդեպ հանրային վստահության մակարդակը բավականին բարձր է. «Ոստիկանության նոր քաղաքականության շնորհիվ կարող եմ հայտարարել, որ ոլորտը զերծ է կոռուպցիայի ախտից: Աշխատակիցները գիտակցում են համակարգի հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը: Իհարկե, կան նաեւ թերություններ: Շատերը կարծում են, որ ճանապարհային երթեւեկության հանդեպ վերահսկողությունը բավարար չէ: Բալային համակարգը կարող է այս թերությունը եւս շտկել»:
Հիշեցնենք, որ ըստ Ոստիկանության մշակած օրենքի նախագծի՝ վարորդները ամեն տարի կստանան որոշակի բալեր, որոնք կնվազեն՝ վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում: Բալերի սպառումը կհանգեցնի վարորդական իրավունքի կասեցման: Ներկայում նախագիծը դրված է հանրային քննարկման: Մինչեւ հոկտեմբերի 30-ը շահագրգիռ անձինք կարող են առաջարկներ ներկայացնել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ