«Ցմահ ազատազրկվածները դառը հիասթափություն են ապրում: Իշխանությունը մարդկանց հույզերն ու սպասումներն էլ պետք է հաշվի առներ»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով այն փաստին, որ համաներման նախագիծը չի վերաբերում ցմահ ազատազրկվածներին, ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա կարծում է, որ ցմահ ազատազրկվածների պարագայում պետք է գործերը մեկ առ մեկ դիտարկել եւ որոշները վերանայել. «Որոշների դեպքում արդեն քսան տարի է անցել, բայց ցմահ ազատազրկվածների պարագայում համաներումը սխալ եմ համարում: Ամեն դեպք ենթակա է ուսումնասիրման: Դեմ եմ ցմահ ազատազրկվածների հանդեպ համաներմանը, քանի որ ամեն մեկի հետեւում կանգնած է ծանր հանցագործություն»:
Ըստ փաստաբանի՝ որոշ ցմահ ազատազրկվածներ այդպես էլ պետք է ազատություն չտեսնեն. «Տուժող կողմին էլ հաշվի առեք: Իսկ որոշների պարագայում պետք է վերանայել գործերը: Բայց կան մարդիկ, որոնք անչափահասների կամ մի ամբողջ ընտանիքի սպանության համար են դատապարտվել: Կա մի ցմահ դատապարտյալ, որը մամուլով շատ է հանդես գալիս. նրա գործն ամենալավը ես գիտեմ՝ 96թ.-ից: Նա ասում է՝ անմեղ է, ես էլ վստահ եմ, որ մեղավոր է: Նրա վարկածում ճշմարտացիություն չկա»:
Ապա Տիգրան Աթանեսյանը հարցադրում արեց՝ ինչպե՞ս կարելի է հավատալ, որ, օրինակ, երկու տարեկան երեխային սպանած անձը կալանավայրում երկար ժամանակ անցկացնելով՝ ուղղվել. «Այդպիսիններին ինչպե՞ս ներում շնորհես»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ