ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել են համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 40-ամյա կնոջը:
2017 թվականի Երևան քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ մեկ այլ անձ զրկել է իրեն «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնվող իր անհատական էջը տնօրինելու հնարավորությունից՝ փոխելով գաղտնաբառը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վերջինիս առնչությունը տուժողի հետ։
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնվող իր անհատական էջը տնօրինելու հնարավորությունից տղամարդուն զրկել է նրա ծանոթ կինը, ում հետ նախկինում նա ապրել էր համատեղ։
Նախնական տվյալներով՝ բաժանվելուց հետո կինը մուտք է գործել նախկին քաղաքացիական ամուսնու էլեկտրոնային փոստը, փոխել գաղտնաբառը, ապա իր տիրապետման տակ գտնվող էլեկտրոնային փոստի օգնությամբ հասանելիություն ձեռք բերել նրա՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անհատական էջին, փոխել գաղտնաբառը: Այդպիսով` տղամարդը զրկվել է իր էջն օգտագործելու հնարավորությունից:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40 -ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե