Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ փորձել են իրենց տուգանքները վերահասցեավորել իրենց վարորդների անունով». Պեդանյան

Հոկտեմբեր 27,2018 15:27

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տույժերի բալային  համակարգ նախատեսող օրենքի նախագծի շուրջ ՀՀ ոստիկանությունում այսօր կազմակերպված հասարակական քննարկման ժամանակ «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հ/կ-ի հիմնադիր Դավիթ Պեդանյանը ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին մի խնդրի մասին տեղեկացրեց, որն օրինագծի առնչությամբ բարձրաձայնել են քաղաքացիները: «Հարցն այն է, որ որոնշ անձինք մի քանի տասնյակ վարորդներ ունեն իրենց ենթակայության ներքո: Որպես օրինակ ասեմ, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ մեր գրասենյակի միջոցով փորձել են իրենց վերագրված տուգանքները վերահասցեավորել իրենց վարորդի կամ վարորդների անունով: Նման դեպքեր են գրանցվել նաեւ առաքիչների եւ տաքսու վարորդների պարագայում,-նշեց Դավիթ Պեդանյանը:

Նրա բնորոշմամբ՝ օրինագծի ներդրումից հետո ՃՈ-ն խիստ հետաքննություն պետք է վարի՝ պարզելու համար, թե ով է իրականում եղել կարգազանց վարորդը. «Այլապես ոչ ճիշտ անձանց վարորդական վկայականները կկասեցվեն, իսկ օրինազանցները կշարունակեն մեքենա վարել: Ինչպե՞ս եք պատրաստվում այս խնդիրը լուծել»:շ

Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց, որ նույն խնդրին բախվել են նաեւ Վրաստանի ոստիկանները, այդ պատճառով որոշել են բալային համակարգը կիրառել միայն պարեկային ծառայության կողմից հայտնաբերված խախտումների դեպքում. «Պատկերացրեք, որ մենք էլ այդպես անենք, ինչ աղմուկ է կբարձրանա…Զարմանում եմ, որ մինչ օրս Վրաստանում չի վիճարկվել այդ օրենքի սահմանադրականությունը: Միջազգային փորձը հետեւյալ մեխանիզմներն է առաջարկում: Տույժի ակտը կազմվում է  սեփականատիրոջ անվամբ: Թող ինքը որոշի՝ ի՞նչ է անելու այդ ակտի հետ: Եթե նա համաձայն է դրա հետ եւ զրկանքը կրում է, ակտի բողոքարկման հնարավորություն չկա: Իսկ եթե համաձայն չէ, վարչական բողոք կարելի է ձեւակերպել: Եթե սեփականատերն ունի վարորդական վկայական, բալը հանվելու է հենց նրանից: Խնդիր կարող է առաջանալ այն դեպքում, երբ սեփականատերը չունի վարորդական վկայական, եւ նրա տրանսպորտային միջոցը վարում է այլ քաղաքացի: Չենք պարտադրելու սեփականատիրոջը ներկայացնել նրան, ով վարել է: Հասկանում ենք, որ իրական վարորդը կարող է գումարը տալ սեփականատիրոջը, որպեսզի իրեն չզրկեն վարորդական իրավունքից:

Բայց եթե նույն մեքենան կատարեց խախտումը երեք անգամ, հետախուզում ենք հայտարարելու եւ սեփականատիրոջն ասելու, որ նա տեղյակ չէ՝ ինչպե՞ս է իր տրանսպորտային միջոցը վարում նրա վարորդը: Այդ դեպքերում մեքենան կտարվի տուգանային հրապարակ՝ պայմանով, որ սեփականատերը Ոստիկանությանը հայտնի մեքենան շահագործողի տվյալները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031