Հոկտեմբերի 26-ի երեկոյան և լույս 27-ին տեղացած ձյան և ծանրաքաշ մեքենաների կուտակումների պատճառով Սպիտակի և Դիլիջանի ոլորանների ավտոճանապարհները որոշ ժամանակ դժվարանցանելի են եղել:
Ճանապարհաշինարարների ձեռնարկած մաքրման աշխատանքների արդյունքում ոլորաններում վերականգնվել է բնականոն երթևեկությունը:
Նշված ժամանակահատվածում ձյան տեղումներ են գրանցվել Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, որտեղ ևս կատարվել են ձյան շերտի մաքրման, աղ ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ:
Ցուրտ եղանակի պատճառով առաջացած մերկասառույցը հալեցնելու նպատակով հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան աղ ու ավազի խառնուրդով կրկնակի մշակվել են Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները, Վայք-Սարավան, Սիսիան-Գորիս, Սևան-Դիլիջան ճանապարհահատվածները, Սպիտակի ոլորանները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն