Ըստ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ գործարար դաշտում լավատեսություն է տիրում: «Իմիջիայլոց, թվերն էլ դա են հուշում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով ներդրողների հետ հանդիպմանը:
«Ես ԱԺ-ում էլ ասացի՝ մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ, ցավոք, տնտեսության վիճակը երբեմն կախված է մեկ-երկու գործարարի գործունեությունից կամ տրամադրությունից: Կարող է մեկ սեփականատեր վատ տրամադրությամբ արթնանալ, և մտքով անցնի տնտեսության մեջ մինի փոթորիկ առաջացնել: Հույս ունեմ, որ բոլորը գիտեն՝ մենք իրենց տեղերը գիտենք, և քամի չեն ցանի, որովհետև փոթորիկ կստանան ի պատասխան»,-ասաց նա:
Հարցին, թե որ պատգամավորի մասին էր ԱԺ ամբիոնից հայտարարում, թե առնչվում է խոշոր կոռուպցիոն բացահայտման հետ՝ Փաշինյանը չպատասխանեց՝ բացատրելով, թե չի ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը:
Քննադատությանն ի պատասխան, թե իր հայտարարությունից երևում է, որ գործին լավ ծանոթ է, հետեւաբար միջամտում է իրավական գործերին վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ այդ նույն մարդիկ նաև ասում են, որ իբրև թե կոռուպցիայի դեմ պայքարը վերջացրել է, և ինքը մութ գործարքների է գնացել. «Այսինքն՝ վարչապետը պետք է թողնի, որ այդ մարդիկ հանրության շրջանում թյուրիմացություն տարածեն, թե ես որևէ մեկի հետ հնարավոր է կուլիսային գործարքի գնամ, նախկին իշխանությունը 20 տարի խնդրում էր կուլիսային գործարքի գնալ»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, բազմիցս են ասել, որ ՀՀ-ում կոռուպցիա կա, որը խարխլել է երկիրը և ամենավերին օղակների հետ է կապված. «Դրանով որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտվո՞ւմ է, թե ոչ: Անունը չենք նշել, եթե կասկածյալ ներգրավվի, ուրեմն հիմքեր կան, թափանցիկ կլինի ու կհասկանաք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ