«Հոկտեմբերի 27»-ը կազմակերպված էր արտաքին աշխարհի կողմից, որն իրականացվեց հայերի միջոցով»,- այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա՝ ««Հոկտեմբերի 27»-ը մեզ համար ամենավատ էջերից մեկն էր, որովհետև մարդիկ ցանկանում էին միանգամից կոտրել իշխանություններին չգիտես ինչի համար, ում համար»:
Անդրադառնալով ոճրագործության պատվիրատուներ լինելու մասին խոսակցություններին՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Յուրաքանչյուր տարի այդ հարցին պատասխանել եմ, որ դա արտաքին աշխարհից կողմից կազմակերպված է և կատարվեց հայերի միջոցով»:
Իսկ թե որ երկրի կողմից էր կազմակերպված, Գալուստ Սահակյանն ասաց՝ «Չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ 19 տարի առաջ այս օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք, որոնք կրակ բացեցին՝ թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ