«Վիգեն Սարգսյանի և իմ գնահատականներն ընդհանրապես չեն համընկնում: Կան ՀՀԿ կուսակցությունից կամ խմբակցությունից մարդիկ, որոնց հետ զանազան հարցերում իսկապես համաձայն ենք, բայց Վիգեն Սարգսյանի հետ որևէ կերպ չենք կարողանում համաձայնել»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը քննադատել էր նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունը. «Արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն Դուք եք: Այս ուղղությամբ Դուք հիմա հետևողականորեն ավերում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով: Եթե իրավիճակը հրատապ չշտկեք, գործընթացն ինքնուրույն և հմուտ չառաջնորդեք, արհեստավարժների հնարավորությունները շարունակելու են սեղմվել, ինչպես վերջին վեց ամիսների ընթացքում: Իհարկե, լավ է, որ Դուք փորձում եք հասու լինել ժողովրդին, բայց չէ՞ որ Ձեր նախարարները, դեսպանները, խորհրդականները ևս ժողովուրդ են: Մեկ-մեկ էլ նրանց ընդունեք և լսեք»:
«Այս հարցում ևս Վիգեն Սարգսյանի կարծիքն ինձ համար ընդհանրապես հիմնավոր չի հնչում, առնվազն կարող եմ հակառակ պնդումն անել, այնպիսի լավ արտաքին քաղաքական իրավիճակում, ինչպիսին Հայաստանն է հիմա և այնպիսի հաջողված բազմավեկտոր քաղաքականություն, որ ՀՀ-ում հիմա է իրականցվում, երբևէ չի եղել: Եթե տասնամյակներով կառուցածն այն է, ինչ հիմա կա և ստացել ենք ժառանգություն, այդ թվում՝ արտաքին քաղաքական ոլորտում, ապա կա´մ լավագույն ջանքերը չեն գործադրվել, կա´մ, եթե գործադրվել են, ապա անհրաժեշտ հմտությունները չեն եղել, որ արդարացնեն սպասելիքները, մի խոսքով, տխուր է պատկերը բոլոր ոլորտներում»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ