Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միչալկայի հետ:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունը, հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը:
Ըստ հաղորդագրության՝ Մամեդյարովն իր զրուցակցին տեղեկացրել է բանակցությունների գործընթացի մասին և ընդգծել, որ հակամարտության լուծման ճանապարհին գլխավոր խոչընդոտը «Հայաստանի զինված ուժերի ներկայությունն է Ադրբեջանի տարածքում»:
Իր հերթին Միչալկան նշել է, որ սա իր առաջին տարածաշրջանային այցն է և շնորհակալություն է հայտնել տեղեկատվություն փոխանցելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ