Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ վիճակագրություն. վարորդների 0,6% տոկոսն է միայն տարեկան 500-1000 խախտում անում

Հոկտեմբեր 27,2018 12:18

ՀՀ ոստիկանությունում այսօր կազմակերպված հերթական քննարկումը նվիրված էր Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է վարորդների համար կիրառել կանխարգելիչ՝ բալային համակարգ՝ ՃՏՊ-ների թիվը նվազեցնելու նպատակով: ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը քննարկմանը ներկա՝ ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ ըստ նախագծի՝ վարորդներին մեկ տարում հատկացվում է 9 բալ. վարչական իրավախախտում կատարելու դեպքում այդ բալերը նվազելու են՝ ըստ խախտման տեսակի: «Բալերը սպառելու դեպքում վարորդական իրավունքի վկայականը վեց ամսով կկասեցվի. դա զրկում չէ, այլ կասեցում: Այդ ժամկետը լրանալուց հետո վարորդը կարող է շարունակել երթեւեկել: Միաժամանակ՝ կասեցումը վարորդին հնարավորություն է տալիս երեք ամիս անց տեսական քննություն հանձնել, որի հաջողության դեպքում նրա վարորդական իրավունքի վերականգնումը կլինի ժամանակից շուտ»:

Ըստ ոստիկանության պաշտոնյանի՝ բալային համակարգը նպատակ ունի նվազեցնել ՃՏՊ-ների հետեւանքով գրանցվող տարեկան զոհերի եւ վիրավորների թիվը: Ապա Հովհաննես Քոչարյանն ուշագրավ վիճակագրություն հրապարակեց. «2017 թ. տեսանկարահանող միջոցներով արձանագրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների թվերը հետեւյալն են: Միեւնույն տրանսպորտային միջոցով երթեւեկող վարորդների 74 տոկոսը տարեկան կատարում է մինչեւ հինգ, 24%-ը՝6-10 կամ 41-50, իսկ 0,6% տոկոսը՝ 5-100, 100-500, 500-1000 եւ հազարից ավելի խախտումներ: Այսինքն, բալային համակարգով տուգանման թիրախում 0,6% վարորդներն են, որոնց զգոնությունն արդյունքում ավելի կբարձրանա: Ստացվում է, որ 74%-ն օրինապահ վարորդներ են: Գուցե հանրության համար սա տարօրինակ է, բայց հասարակական արձագանք են ստանում հենց 0,6%-ի իրավախախտումները: Տեղեկացնեմ, որ ՃՏՊ-ների պատճառով ՀՀ-ում տարեկան զոհվում է միջինը 301 մարդ, ասել է թե՝ մեկ բազմաբնակարան զենքի բնակչություն»:

Հովհաննես Քոչարյանը հավաստիացրեց, որ կիրառվելիք վարչական տույժերի չափը համապատասխան է լինելու հանցանքին. «Վարչական զանցանքները, որոնք ունեն վտանգավորության ավելի ցածր աստիճան, չպիտի լինեն ավելի խիստ, քան քրեական տուգանքների նվազագույն չափը՝ 30 000: Ուստի առանցքային խնդիր ենք լուծել՝ չհատել այդ շեմը. բալերի նվազեցում նախատեսող 16 տեսակի վարչական իրավախախտումների տույժերի չափը չի գերազանցի 29 000 դրամը»: Հավելենք, որ ՀՀ ոստիկանության վերոնշյալ նախագիծը ներկայում դրված է հանրային քննարկման: Մինչեւ հոկտեմբերի 30-ը շահագրգիռ անձինք կարող են առաջարկներ ներկայացնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Իրոք պետք է ինչ որ ձևով սանձել երթևեկության մեջ նկատվող անուղեղներին /բառիս բուն իմաստով/:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031