Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու. «Այս կառավարությունը չունի սոցիալ-տնտեսական տեսլական, թե ինչպիսի տնտեսություն է ուզում ստեղծել». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 27,2018 11:22

Օրերս վիճծառայությունը հրապարակեց 2018թ. առաջին ինն ամիսների սոցիալ-տնտեսական տվյալները:  Այս առիթով է զրույցը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ ՍՈՒՐԵՆ ՊԱՐՍՅԱՆԻ հետ։

-Մեկ ամսվա ընթացքում ակտիվության տեմպը նվազել է 1,2 տոկոսով, ինչին նպաստել են մի շարք գործոններ: Մասնավորապես անկումը շարունակվում է գյուղատնտեսության ոլորտում: Այս տարի նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 4,8 տոկոս անկում է արձանագրվել: Իսկ այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ գյուղատնտեսության ցուցանիշն աճել է ընդամենը 0,2 տոկոսով, ինչը վատագույն ցուցանիշն է վերջին տարիների ընթացքում:

Տնտեսական աճի տեմպը դանդաղել է նաեւ արդյունաբերության ոլորտում: Եթե ութ ամիսների ընթացքում ունեցել ենք 4,4 տոկոս աճ, ապա սեպտեմբերի դրությամբ արդյունաբերական ծավալների աճը միայն 4 տոկոս է: Նվազել են տեմպերը նաեւ շինարարության, էներգետիկ ոլորտներում, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ինն ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա:

2018թ. ինն ամիսներին ունեցել ենք 11,6 տոկոս արտահանման աճ, սակայն ութ ամիսների ընթացքում այդ աճը 16,5 տոկոս է կազմել: Այսինքն՝ 4,9 տոկոսով արտահանման աճի տեմպը մեկ ամսում նվազել է: Անհամեմատ մտահոգիչ են այս տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշները. այս սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արտահանման ծավալների կտրուկ (14,8 տոկոս) անկում է արձանագրվել:

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա ինն ամիսների ընթացքում 28,6 տոկոս աճ է եղել, բայց օգոստոսին այդ թիվը հասել էր 32 տոկոսի: 3,4 տոկոսով ներմուծման աճի տեմպերը եւս դանդաղել են:

Միակ ոլորտը, որ շարունակական աճ է գրանցել, ծառայությունների ոլորտն է, մյուս բնագավառներում սեպտեմբերին միայն անկում է եղել:

Բնականաբար այս ամենը վկայում է վերջին ամիսներին շարունակվող տնտեսական ոչ ճիշտ քաղաքականության իրականացման մասին: Այս ուղղությամբ ներկա կառավարության քայլերը սահմանափակվում են հարկային, մաքսային վարչարարության պարզեցմամբ, բիզնեսին չխոչընդոտելով, բայց այդ միջոցներով հնարավոր չէ ապահովել տնտեսության ակտիվությունը:

Կառավարության համոզմամբ՝ եթե հարկային, մաքսային վարչարարությունը չի խանգարում բիզնեսին, կաշառք չեն վերցնում, ուրեմն տնտեսությունը պետք է զարգանա: Հայաստանի տնտեսության համար դա բավարար չէ, պետությունը պետք է տնտեսական, սոցիալական ծրագրեր իրականացնի, վերանայի մոտեցումները տնտեսության նկատմամբ:

Այսօր մեր առանձին շուկաներում շարունակում են գործել գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարող սուբյեկտները, որոնք գերիշխող դիրք ունեն ոչ միայն մեծածախ, այլեւ մանրածախ ոլորտում: Բենզին, դիզվառելիք ներմուծողները նաեւ մանրածախ վաճառողներ են, առանձին սննդամթերքի՝ կարագ, ալյուր, շաքարավազ ներմուծողները եւս նաեւ մանրածախ վաճառողներ են, եւ նրանց պատճառով փոքր ու միջին բիզնեսը շուկայից դուրս է մնում՝ չկարողանալով մրցակցել մանրածախ շուկայում մեծածախ ներմուծողների հետ:

Լուծված չէ նաեւ սուպերմարկետների գործունեության կարգավորման հարցը, կարեւոր է նրանց լրացուցիչ հարկումը, պրոգրեսիվ հարկային համակարգի ներդրումը: Խնդիրները բազմաթիվ են, որոնք ներկա կառավարությունը չի հասկանում, չի տեսնում:

Այս կառավարությունը չունի սոցիալ-տնտեսական տեսլական, թե ինչպիսի տնտեսություն է ուզում ստեղծել:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031