Առաջին անգամը չէ, երբ արագացված ընթացակարգով քննված
եւ ավարտված քրեական գործերով լինում են վերաքննիչ բողոքներ
Առաջին ատյանում ամբաստանյալն ընդունում է իր մեղքը, ըստ էության չի ցանկանում հանրայնացվի իր դատական գործընթացը, սակայն հետո համաձայն չի լինում ապացույցների գնահատման արդյունքում կայացված դատավճռի, մասնավորապես՝ պատժի հետ: Դրանցից մեկն էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Օհանյանի կայացրած դատավճռին է վերաբերում՝ Սեւակ Սարգսյանի վերաբերյալ: Դատարանը նրան ազատազրկել է 1 տարի ժամկետով, զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով։
Սեւակ Սարգսյանի նկատմամբ ի սկզբանե ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, որը մնացել է անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Սեւակ Սարգսյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը դիմել է վերաքննիչ քրեական դատարան, պահանջելով փոխել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատժի մասով, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ այն պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան:
Այս գործով մեղադրանքը պաշտպանել է դատախազ Գ. Մինասյանը, տուժողի իրավահաջորդ էր ճանաչվել Վ. Հովսեփյանը:
Արցախցի 26-ամյա Սեւակ Սարգսյանն աշխատել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի Ի. Աթայանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես պահակ, Երեւան-Գորիս ճանապարհի 223-րդ կմ-ում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում անզգուշությամբ դարձել է Ջոնիկ Հովսեփյանի մահվան պատճառը:
Օգոստոսի 23-ին նախաքննության մարմինը Սեւակ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, մեղադրելով, որ նա «2018 թվականի հուլիսի 7-ին, ժամը 04:30-ի սահմաններում, իր վարած «FORD TRANSIT» մակնիշի 22 DD 488 հաշվառման համարանիշի ավտոբուսով Մեղրի-Երեւան ճանապարհի 223-րդ կմ հատվածում, իրականացնելով իր վարած ավտոբուսի ոչ պատշաճ եւ վտանգավոր կառավարում, մասնավորապես` երթեւեկության ժամանակ չհետեւելով ճանապարհատրանսպորտային իրադրությանը, ընթացքի ժամանակ քնել է` թույլ տալով «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջին հակասող գործողություն, ինչի արդյունքում բախվել է Հեյդար Էսմաեիլիի վարած «VOLVO FH12» մակնիշի 27A969-10 հաշվառման համարանիշի բեռնատարին»: Ի դեպ, տուժողն իր՝ «FORD TRANSIT» մակնիշի ավտոբուսի ուղեւորն էր:
Քրեական գործը դատարան էր ուղարկվել օգոստոսի 27-ին:
Մինչ դատաքննությունը սկսելը ամբաստանյալ Ս. Սարգսյանը միջնորդել էր, որպեսզի դատական քննությունն անցկացվի արագացված կարգով եւ հայտարարել էր, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ եւ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում լիովին:
Ըստ դատարանի իրավական գնահատականների. «Դատարանը գտնում է, որ ամբաստանյալը կատարել է հանցավոր արարք, եւ որակվում է որպես ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտել, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Մեղսագրվող արարքի նկատմամբ քրեական օրենքի որակումը` ճիշտ է, որով էլ նա ենթակա է պատասխանատվության եւ պատժի»:
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ սահմանելիս, դատարանը հաշվի է առել նրա կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, նրա ինքնությունը եւ գործի ողջ հանգամանքները:
Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ են պատիժ նշանակելու պահին նրա խնամքի տակ մինչեւ 14 տարեկան չորս երեխայի (փոքրը 13.06.2014 թվականին է ծնվել) առկայությունը, կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելը:
Ամբաստանյալը մասնակցել է 2016 թվականի քառօրյա պատերազմին, ընտանիքի միակ կերակրողն է:
Տուժողի իրավահաջորդ Վարդուշ Հովսեփյանը միջնորդել է ամբաստանյալի նկատմամբ խիստ վերաբերվել:
Դատարանը տուժողի իրավահաջորդ Վարդուշ Հովսեփյանին ճանաչել էր քաղհայցվոր, եւ նա քաղաքացիական հայց էր ներկայացրել ամբաստանյալի դեմ, պահանջելով 3 980 000 ՀՀ դրամ բռնագանձել՝ որպես վնասի հատուցում:
Առաջին ատյանում Ս. Սարգսյանն առարկել է քաղաքացիական հայցի դեմ՝ չընդունելով գումարի չափը:
Դատարանը օգոստոսի 24-ին որոշում էր կայացրել Սեւակ Սարգսյանին պատկանող, մեկ այլ անձի անվամբ հաշվառված FORD TRANSIT մակնիշի ավտոմեքենայի վրա արգելանք դնել, ինչը դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կվերացվի:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
26.10.2018