Հոկտեմբերի 24-ին նշվեց հայ մեծանուն երգիծաբան Լեռ Կամսարի ծննդյան 130- ամյակը: Կամսարի թոռնուհին «Առավոտին» է տրամադրել պապի 1962թ. անտիպներից.
– Երկու գրկի թոռ ունեմ։ Մեկը տղայիցս է, մյուսը աղջկանիցս։ Բայց չեմ կարող ասել, թե որին եմ շատ սիրում, որովհետեւ հսկողության տակ եմ։ Հարսս ու աղջիկս աչքերը չորս արած ինձ են նայում. եթե մեկին «ջան» եմ ասում՝ մյուսին էլ պիտի ասեմ, եթե երկրորդի հոգուն մեռնում եմ՝ առաջինին էլ պիտի մեռնեմ։ Եթե մեկի մարմնի որեւէ տեղը ուտում եմ՝ ասենք թաթիկները կամ թշերը, պետք է ուշքս վրաս պահեմ, որ չլինի մեկի աջ թուշն ուտեմ, մյուսի՝ ձախը, անմիջապես մտքի մեջ կասեն՝ տե՛ս, նրա երեխային իմինից շատ է սիրում։
Իսկ ինձ համար թե՛ աղջկաս, եւ թե՛ հարսիս բարեկամությունը հավասարապես կարեւոր է։
Իմ վիճակում է գտնվում Հնդկաստանը։ Նա իրեն չեզոք է հայտարարել ու ո՛չ Ամերիկայի կողմն է բռնում, ո՛չ Ռուսաստանի ու երկուսից էլ հավասարապես միլիոններով վարկեր է ստանում։ Բայց Հնդկաստանի բանը իմից շա՛տ է դժվար։ Իմ թոռները համասեռ են՝ երկուսն էլ տղա։ Տարբեր աշխարհայացքներ չունեն։ Այնպես որ, հնարավոր է հավասար սիրել։ Բայց Հնդկաստանն ի՞նչ անի, երբ նրա «թոռները» հա՛մ տարբեր սեռերի են պատկանում, հա՛մ տարբեր աշխարհայացքներ դավանում։
Թոռը կմեծանա, խոմ անվերջ փոքր չպիտի՞ մնա։
Մեծացան՝ աղջիկը կդառնա մի նազելի օրիորդ, տղան՝ մի պատվական երիտասարդ։
Հնդկաստանը, եթե աղջկան սիրի, ինքը տղա պիտի լինի, եթե տղային սիրի, պետք է աղջիկ դառնա։ Հնա՞ր է այդպիսի բան։ Հետո։ Ամերիկան կապիտալիստ է, Ռուսաստանը՝ սոցիալիստ։ Տարբերություն, որ ավելի հեռուներ են գնում, քան տղան ու աղջիկը։ Օրինակի համար, մահմեդականները Արեւելքում սեռականում տղայի եւ աղջկա միջեւ տարբերություն չեն դնում, իսկ լսվա՞ծ բան է, որ կապիտալիստը սոցիալիստից ոչ թե սեռական, այլ որեւէ հաճույք ստանա։
Տղան աղջիկ կդառնա, բայց սոցիալիստը երբեք կապիտալիստ չի դառնա։
Մարմինը կարելի է կտրտելով, ծռմռելով ուզած ձեւը տալ։ Ծուռ ոտքը կաղապարի մեջ են դնում, ուղղում։ Չուղղվեց՝ կտրում, տեղը փայտ են կպցնում։ Կույր աչքին ապակի են հագցնում, թափված ակռաների տեղ պողպատ են շինում, որն ավելի դիմացկուն է, քան ոսկորը։
Բայց սկզբունքներն այսպես չեն, նրանք աշխարհ են մտնում տրանզիտով եւ աշխարհից դուրս են գալիս այնպես անփոփոխ, ինչպես մտել էին։ Թեեւ ասվում է, թե սկզբունքը մարդու համար է, բայց ո՛չ, մարդն է սկզբունքի համար։ Օրինակ, ներկայիս սոցիալիզմը պահանջում է, որ մարդը ջնջվի աշխարհիս երեսից՝ պիտի ջնջվի։ Ոչ մի առարկություն։ Հապա փորձիր ծռմռել, կտրել, կաղապարի մեջ դնել եւ մարդուն հարմարեցնել, տեսնենք կարո՞ղ ես։ Չես կարող։ Այդ սկզբունքը դրել են Մարքսն ու Լենինը ու մեռել։ Կուզե՞ս փոփոխել այն այնպես, որ մարդն ապրի ի հաշիվ սկզբունքի։ Դարձյալ չես կարող։ Ինչպես ողջն ուզում է, որ մեռելն ապրի, այնպես էլ մեռելը ցանկանում է՝ ողջը մեռնի։
Անտե՛ր մնաս սկզբունք, որ ո՛չ ծռմռվում ես, ո՛չ կտրվում եւ ո՛չ էլ մարդկային պետքերին ծառայում։ Մի սատկած լեշ՝ մարդու ճանապարհին։ Եվ ավելացնենք անմիջապես, որ ողջ մարմինը ի վերջո գերեզմանում հող է դառնում իր պակասություններով ու առավելություններով միասին. բայց այս անտանելի լեշը չի էլ փտում, նրա հոտից ազատվեինք…
Հնդկաստա՜ն, այո։ Նայում ես այդ երկրին ու ասում.
-Անգլիային էր պատկանում այս երկիրը։ Նրա հարճն էր մի ժամանակ, նրա ստրուկը։ Համարձակվեր երեսի քողը մի կողմ տանել եւ Ամերիկայի կամ Ռուսաստանի հետ խոսե՞լ։ Թե՞ Անգլիան սեւը կբերեր նրա գլխին։ Անգլիան, որ դուրս էր գալիս իր տանից, Հնդկաստանը ձեռները կրծքին պատրաստվում էր դիմավորել, ձեռքը շալվարի կոճակներով սահեցնելով։ Ճանապարհն անցնում էր Սուեզի ջրանցքով։
Ու երբ Անգլիան ուռած, տռզած փորով մտնում էր Սուեզը եւ նեղ էր գալիս ջրանցքը՝ Եգիպտոսը, նրա երկրորդ հարճը, անմիջապես սկսում էր լայնացնել ափերը, որ ազատ կերպով անցներ իր «Աբիսողոմ աղան» այդ մեծապատիվ մուրացկանը…
Իսկ հիմա՞։ Հիմա Անգլիան Հնդկաստանի դուռը ծեծում է, ու մինչեւ վերջինս չասի՝ մտեք, չի համարձակվում նրա դուռը բանալ։ Հնդկաստանը չեզոք է, չէ՞։ Ոչ մի ռազմական բլոկի չի պատկանում։ Մի հանգամանք, որ իրավունք է տալիս նրան, ո՛ր պետության գոգը կամենա թավալի։ Միայն փող դուրս գա։
Նա Անգլիային էլ չի արհամարհում։ Միայն հարցնում է.
– Փող ունե՞ս։
– Չկա՛, չկա՛։
– Փող չունես, գամ ի՞նչ անեմ։ Փող չունես, ես քոնը չեմ…
Եվ միայն Հնդկաստանը չէ այսպես։ Այսպես են նաեւ նորերս անկախություն ստացած քսան պետությունները։ Դրանք անոթի անկախներ են, ոչ մի միջոց չունեն ապրելու։ Այն երկու կոպեկն էլ, որ տեսնում եք, դա էլ այն պարանի գինն է, որով մի ժամանակ կախված էին։ Այդ պարանները նրանք ծախեցին մեծ դժվարությամբ սակայն, որովհետեւ քաղաքական ներկա իրադրությանը, երբ բոլոր գաղութները անկախանում են, ո՞վ պարան կառնի իր վիզն անցկացնելու:
«Կարմիր օրեր»
«Առավոտ»
26.10.2018