Հայաստանում և Ռուսաստանում ապրող մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ հանդես են եկել «Լազարյան ակումբ» ստեղծելու նախաձեռնությամբ, որն ուղղված կլինի հայ-ռուսական կապերի ամրապնդմանը: Ակումբի ստեղծման հայտարարության տակ ստորագրել են գրող Զորի Բալայանը, քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, REGNUM գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, ջազմեն Լևոն Մալխասյանը և այլք:
«Ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը մեկ հարյուրամյակ չէ, որ գոյություն ունի: Այդ ընթացքում մեր ժողովուրդները միասին վերապրել են և՛ կորուստների ցավ, և՛ հաղթանակների երջանկություն: Եղել են նաև իրար չհասկանալու և անվստահության ոչ հեշտ ժամանակներ, բարեբախտաբար, ոչ երկարատև,- ասվում է հայտարարության մեջ: -Բայց մեր երկրների, մեր ժողովուրդների մոտ միշտ եղել է արդարության անհագ զգացում և խաղաղությունն ու վստահությունը պահպանելու ձգտում: Դա հատկապես պահանջված է հիմա, երբ միջազգային հարաբերություններում նկատվում են անկայունության, անհանդուրժողականության և անկանխատեսելիության նշաններ, սրվում և ուժգնանում են բազմաթիվ տարածաշրջանային հակամարտություններ: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Հայաստանը պետք է ուժեղ լինեն, որպեսզի հաղթահարեն իրենց կայուն զարգացմանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերները: Պատահական չէ, որ անկախության բոլոր փուլերում Հայաստանն ու Ռուսաստանն աջակցել են միմյանց, որի հաստատումն է համատեղ մասնակցությունը ԱՊՀ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Այդպիսի իրավիճակում արդյունավետ և բեղմնավոր կարող է լինել միայն համատեղ, երկկողմ և բազմակողմ վստահությունը»:
Հայտարարության հեղինակները կարծում են, որ այդքանը, սակայն, բավարար չէ, առավել ևս հիմա: Կենսական կարևոր նշանակություն ունի երկու պետությունների ամենատարբեր՝ գիտական, մշակութային, պետական և հասարակական ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև բիզնես-կառույցների միջև ոչ ֆորմալ կապերի հաստատումը:
«Որքան լայն և պարբերական լինեն նման շփումները, այնքան բարձր կլինի փոխադարձ վստահության մակարդակը Հայաստանի և Ռուսաստանի պետական և հասարակական կազմակերպությունների, մեր երկրների հասարակությունների միջև: Որպես ոչ ֆորմալ, ազատ և մշտապես գործող հարթակ հանդիպումների և կարծիքների փոխանակման համար՝ մենք՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, հանդես ենք գալիս նոր քննարկման հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ՝ մեր քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսության ամրապնդման համար: Առաջարկում ենք այն անվանել «Լազարյան ակումբ»»,- ասվում է հայտարարության մեջ:
Ենթադրվում է, որ ակումբը կդառնա Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիների միավորման հարթակ, որը կինքնակազմակերվի հետևյալ հարցերի շուրջ. աջակցություն հայ-ռուսական հասարակական երկխոսությանը ամենատարբեր մակարդակներով, աշխատանքային, գործնական և գիտական կապերի հաստատում, պահպանում և ամրապնդում, ժողովուրդների փոխգործակցության խրախուսում, համատեղ հասարակական-քաղաքական նախաձեռնությունների և նախագծերի իրագործում և այլն:
Հայտարարության մեջ նշվում, որ «Լազարյան ակումբն» իր աշխատանքը կիրականացնի բաց և թափանցիկ՝ կազմակերպելով հանդիպումներ, «կլոր սեղաններ», հանրային լսումներ Ռուսաստանում և Հայաստանում: Ակումբը բաց է համագործակցության համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ