Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Դոյդոյանը՝ ՏԱ օրենքի և նոր կառավարության մասին

Հոկտեմբեր 26,2018 23:35

Հետհեղափոխական Հայաստանում տեղեկատվության ազատության թեմայով Aravot.am-ը զրուցեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ՝ Շուշան Դոյդոյանի հետ։

-Նոր կառավարության ձևավորումից հետո ի՞նչ է փոխվել ինֆորմացիայի ազատության դաշտում։

-Քանի որ նոր կառավարության ձևավորումից հետո գրեթե բոլոր կառույցներում հասարակայնության և մամուլի հետ աշխատող հիմնական պաշտոնական կազմը փոխվեց, դրա հետևանքով առաջ եկավ մի իրավիճակ, երբ այս հաստիքները համալրած նոր աշխատակիցները ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ պարտականություններ ունեն սահմանված՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով։ Ցավոք տեղեկատվություն ստանալու հարցումների վիճակագրությունը այսօր մոտեցել է 2008թ․-ի վիճակագրությանը, երբ հարցումների 30 %-ից ավելին մնում էր անպատասխան կամ պատասխանները շատ էին ուշանում: Եթե անցյալ տարի հարցումներին պատասխանում էին 10-12 օրում, ապա այս տարի 20 օրից 1 ամիս ժամկետն է իշխում, և նաև ունենք դեպքեր, երբ ընդհանրապես հարցումներին չեն պատասխանում։ Նաև ցավալի է, որ վերադառնում ենք մի իրավիճակի, երբ նորից տրվում են գրավոր, անօրինական մերժումներ․ դրա պատճառը այն է, որ ոչ թե չեն ցանկանում կամ խուսափում են, այլ պարզապես տեղյակ չեն օրենքով սահմանված իրենց պարտավորություններին։

Օրինակ լրատվամիջոցներից մեկը հարցում էր ուղարկել, թե արդյոք վարչապետը ունի X անունով օգնական և օգնականի նշանակման որոշման պատճենն էր խնդրել, կառավարության աշխատակազմի ղեկավարը պատասխանել էր, որ տեղեկությունը կարող է տրամադրել մեկ ամսվա ընթացքում։ Ինչ աշխատանք պետք է անի կառավարության աշխատակազմը՝ հայտնի չէ։ Նման դեպքերից կարող ենք եզրակացնել, որ ինչ-որ բաներ լսել են, որից կարող են օգտվել, բայց չգիտեն, թե ինչ կոնտեքստում կարող են կիրառել։

-Այս դեպքում ի՞նչ ճանապարհ եք տեսնում թե քաղաքացիներին և թե կառավարության ՏԱ օրենքի մասին իրազեկելու համար։

Իրականում տեղեկատվության ազատությունը բավականին հանրաճանաչ գաղափար է՝ մեր և գործընկեր կազմակերպությունների ջանքերի շնորհիվ։ Ըստ իս, անհրաժեշտ է տեղեկատվության ազատության համար պատասխանատու նորանշանակ անձանց համար վերապատրաստումներ իրականացնել․ դա կարող է լինել և կառավարության և քաղհասարակության նախաձեռնությամբ։ Կարող են կլոր սեղանի շուրջ հավաքվել մամուլն ու տեղեկատվության ազատության պատասխանատուները և քննարկել այս ոլորտի արդի մարտահրավերները։

-Հեղափոխության շրջանում Նիկոլ Փաշինյանը ձևավորեց մի նոր մշակույթ՝ լայվերի մշակույթը։ Որքանո՞վ եք ճիշտ համարում՝ հասարակությանը նման կերպ տեղեկացնելը կարևորագույն որոշումների մասին։

Ընդհանրապես, կառավարության գործունեության մասին տեղյակ լինելու գործընթացը, երկու մասից է բաղկացած․ մեկը՝ երբ քաղաքացին է դիմում, հարցում է ներկայացնում և խնդրում տեղեկություն տրամադրել, իսկ մյուսը՝ երբ կառավարությունը սեփական նախաձեռնությամբ իր մոտ առկա տեղեկատվությունը մատչելի է դարձնում հանրության համար։ Այդ ձևերից մեկը լայվերն են, որոնք ես շատ ողջունում եմ, բայց դա չպետք է լինի միակ ձևը տեղեկատվությունը հանրությանը հասցնելու։ Այս մեթոդը, անպայման, պետք է զուգահեռվի պաշտոնական կայքերով տեղեկատվությունը ժամանակին և ամբողջական հրապարակելու հետ։ Շատ կարևոր է այս տեղեկատվությունը կայքերի միջոցով հասանելի դարձնել հանրությանը․ Հասանելի դարձնել ասելով, նկատի ունեմ, որ այն տեսանելի ու մատչելի լինի, ոչ թե թաքցվի չորրորդ, հինգերորդ ենթաէջերում ։

 -Որո՞նք են հետհեղափոխական Հայաստանում տեղեկատվության ազատության հիմնական խոչընդոտները։

Նոր կառավարությունում ունենք բավականին երիտասարդ կադրեր, ովքեր լի են էնտուզիազմով, սակայն չեն տիրապետում տեղեկատվության ազատության ոլորտի նրբություններին և չեն կարևորում այն՝ համարելով, որ սա իրենց տասներորդական խնդիրն է, չեն գիտակցում, որ այսօրվա յուրաքանչյուր չպատասխանված, չբավարարված հարցումը վաղը խնդիր է դառնալու կառավարության և ցանկացած պետական մարմնի համար։ Երևի թե հենց սա է հիմնական խոչընդոտը։

-Ի՞նչ բացթողումներ կան տեղեկատվության ազատության մասին օրենքում, արդյո՞ք լրացումների կարիք կա։

Այո, հսկայական բացթողումներ կան այն առումով, որ օրենքը արդեն 15 տարվա պատմություն ունի և հիմա կյանքն ու տեխնոլոգիաները զարգացել են, իսկ օրենքը «հին» է, իհարկե, որոշ բացեր լրացրեցին ենթաօրենսդրական ակտերի միջոցով, բայց միևնույն է, համար առաջին խնդիրը մնում է էլեկտրոնային տեղեկատվության ազատության կարգավորման խնդիրը։ Բացթողումներից մեկը նաև այն է, որ ոլորտում չկա վերահսկողություն և հենց դրա պատճառով է, որ ոլորտի վիճակը շատ վատ է։ Եթե օրինակ լրատվամիջոցին մերժել են տեղեկատվություն տրամադրել, չկա որևէ մարմին, որին կարողանա դիմել՝ բացառությամբ վերադասության կարգով։ Պետք է լինի լրիվ անկախ արտադատական մեխանիզմ, որը կերաշխավորի տեղեկություն ստանալու գործընթացը։ Իհարկե, դատարանի միջոցով էլ կարող են դիմել, բայց այս դեպքում եղել են դատական գործեր, որոնց ընթացքը ձգձգվել է 5 տարի։

Կարևոր է, որ մարդը տեղեկատվությունը թարմ ստանա։ Նրան այդ տեղեկությունը հենց այդ պահին է պետք, հաջորդ պահին հնարավոր է դրա կարիքը այլևս չունենա․ հենց սրա համար են անհրաժեշտ արտադատական մարմինները։

Կարևոր է նաև պատասխանատվության հարցը, որը օդից կախված է։ Քանի դեռ պաշտոնյաները չեն ենթարկվում պատասխանատվության, խախտումները շարունակվում են նույն ձևով։

-Բայց ամեն դեպքում դրամական փոխհատուցում պահանջում են չէ՞ պաշտոնյաներից։

-Այո, պահանջում են, բայց ընդամենը 3-4 դատական գործ է եղել, որի արդյունքում ենթարկվել են պատասխանատվության։ Այնուամենայնիվ ես չէի ցանկանա, որ պատասխանատվությունը լիներ միայն դատական գործընթացի արդյունքում․ պաշտոնյային պետք է պատասխանատվության ենթարկել կարգապահական տույժերի տեսքով, նկատողության տեսքով, ինչպես նաև դրամական փոխհատուցմամբ։

– Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ պատրաստվում եք հանձնառություն մշակել, որի շնորհիվ հասարակությունը կկարողանա տեղեկանալ, թե ովքեր են այս կամ այն լրատվամիջոցի իրական սեփականատերերը։ Ի՞նչ փուլում է այդ նախաձեռնությունը։

Սա ամբողջ աշխարհում բավականին նոր գաղափար է։ Ընդամենը 1-2 երկիր է այս ճանապարհով գնացել։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, Հակակոռուպցիոն կոալիցիայի, «Թրանսփերնսի ինթրնեյշնլի» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից արված այս առաջարկին մեր կառավարությունը շատ դրական արձագանքեց։ Գաղափարը հետևյալն է․ Հայաստանում ներդրվի իրական սեփականատերերի հանրային ռեգիստր, որում մուտքագրված կլինեն և հանրության համար մատչելի կդառնան յուրաքանչյուր բիզնեսի իրական սեփականատերերի անունները, կհրապարակվի, թե իրականում ով է գումար տալիս տվյալ լրատվամիջոցին կամ կազմակերպությանը։

Այս ծրագիրը՝ որպես հանձնառություն ներկայացվել է Բաց կառավարման գործընկերության 4-րդ ծրագրում, և կառավարությունը պարտավորվել է այն իրականացնել առաջիկա երկու տարիների ընթացքում։

Սոնա Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031