Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արկադի Փելեշյանը դեռ ո՛չ ավագանու անդամ է եղել, ո՛չ փոխքաղաքապետ, ո՛չ էլ էս քաղաքում հող վերցնելու հարցում խնդիր է ունեցել»

Հոկտեմբեր 26,2018 21:35

Վանաձորի համայնքի ավագանու այսօր հրավիրված հերթական նիստի օրակարգը բաղկացած էր 15 հարցից: Սակայն, մինչ նիստի սկսվելն առավել բուռն քննարկում ծավալվեց «Քիմիագործների» այգու 2.700 քմ տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին հարցի շուրջ։

Որոշման նախագծի համաձայն, նախատեսվում էր հողամասը տրամադրել 10 տարի ժամկետով՝ հանգստի գոտի կազմակերպելու համար: Վարձավճարի մեկնարկային գինը սահմանելով ամսական 21. 628 դրամ:

Մինչ հարցը կքննարկվեր ավագանու նիստում, երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նշված տարածքը գտնվում է Վանաձորի փոխքաղաքապետ, «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Արկադի Փելեշյանին պատկանող ռեստորանի հարեւանությամբ, կոչ անելով օրակարգից հանել հարցը. «Իսկ եթե հիշենք, որ աճուրդի դրված տարածքը գտնվում է այդ նույն այգում տարիներ շարունակ կասկածելի հիմքերով գործող ռեստորանի հարեւանությամբ, որը պատահմամբ պատկանում է գործող ՀՎԿ-ական փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանին, ապա կարելի է ենթադրել, որ վերջինս պարզապես ցանկանում է ընդլայնել իր «օբյեկտը»՝ վերացնելով քաղաքի հերթական այգին… հա, ասում են երեխեքի համար լավ բան ա ուզում սարքի, զարգացման ու ժամանցի մի հետաքրքիր վայր… երեխեքի մասին էս ինչքա՞ն մտածող ունենք…»,- գրել էր Մարուքյանը:

Այսօր հրավիրված նիստի ընթացքում փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանն ասաց, որ ինքը նշված տարածքը վարձակալելու մտադրություն չունի, բայց գիտի ե ով է նման մտադրություն հայտնել. «Դուք կուզեիք, որ ես վերցնեի այդ տարածքը, բայց ես չեմ վերցնում: Ինձ 15 տարի է ասում են վերցրա, չեմ վերցնում: Դուք այնպես եք ձեւակերպում, որ Արկադի Փելեշյանը դարձավ փոխքաղաքապետ, հող է վերցնում: Արկադի Փելեշյանը դեռ ո՛չ ավագանու անդամ է եղել, ո՛չ փոխքաղաքապետ, ո՛չ էլ էս քաղաքում հող վերցնելու հարցում խնդիր է ունեցել: Ես գիտեմ, ով է ուզում վերցնի, լավ էլ մարդ է, այդ թաղամասի բնակիչ է, հիմա Ռուսաստանում է ապրում: 100 հոգի էլ խնդրել են, որ գա իր միջոցներով բարեկարգի, ոչ մի բիզնես պլան նախատեսված չէ»:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ անդրադառնալով Քրիստ Մարուքյանի գրառմանն ասաց, որ այն ապատեղեկատվություն է. «Նախ այդ ապատեղեկատվությունը ցրեք: Այդ մարդիկ ուզում էին այդտեղ կանաչապատում անեին, քաբաբանոց չէին սարքում, ինչպես դուք էիք ներկայացրել: Մենք երբեւէ չենք ցանկացել հասարակությունից թաքուն բան անել: Հարցի վերաբերյալ մեզ դիմել է մարզպետը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի միջնորդությամբ: Առաջին անգամ նորանշանակ մարզպետը մեզ դիմել է, եւ որպեսզի թյուր կարծիք չստեղծվի, որ մենք հապշտապ, կամ չգիտեմ ո՞ւմ համար, ո՞նց, ի՞նչ ենք անում, մենք այս հարցի քննարկումը հետաձգում ենք: Եթե առաջարկություններ կստացվեն կքննարկվեն, հետո նոր կորոշենք»:

Մեկ ժամ եւ ավելի քննարկումից հետո, ավագանին որոշեց հարցը հանել օրակարգից:

Տարածքը, որի մասին խոսվում էր գտնվում է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատին կից: Այսօրվա նիստով ավագանին որոշեց «Քիմիագործների այգին» անվանել Ազնավուրի անունով:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031