Հոկտեմբերի 26-ին «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի և վերլուծաբան Հայկ Բալանյանի հետ։ Հանդիպման թեման արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու սպասվող տնտեսական զարգացումներն էին։
Հրանտ Միքայելյան ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում կամփոփվեն հեղափոխական զարգացումները, որոնք սկսվել են ապրիլի սկզբից։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն իրենց դիրքերը այնքան կամրապնդեն, որ կիրականացնեն իրենց ուզած բարեփոխումները, և երկրում այլևս չեն լինի երկիշխանության նշաններ։
Խոսելով տնտեսական հանգամանքների մասին՝ Միքայելյանն ասաց, որ տնտեսական կայունության և զարգացման տեսանկյունից կարևոր էր, որ ընտրությունները որքան հնարավոր է շուտ անցկացվեն։
Նա նշեց նաև, որ հիմա արդեն նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը էական չէ, և նույնիսկ դրա չընդունվելու պարագայում մեծ խնդիրներ չեն առաջանա, քանի որ ոստիկանությունը թույլ չի տա, որ կաշառքներ բաժանվեն և վարչական ռեսուրսը կիրառվի։
Հայկ Բալանյանն ասաց, որ միայն կոռուպցիան վերացնելով պետության վիճակը չի կայունանում․ «Հիմա մեզ ցույց են տալիս աճ տնտեսության ոլորտում, բայց կարևոր է՝ այդ աճը ի հաշիվ ինչի՞ է։ Եթե ի հաշիվ նրա է, որ կազմակերպությունները սկսել են ցույց տալ իրենց աշխատանքի թաքնված մասը (գրանցել են նախկինում չգրանցված աշխատողներին, ցույց են տվել իրենց իրական հարկայի եկամուտը), ապա սա ոչ թե իրական աճ է, այլ թղթաբանական»,-ասաց Բալանյանը։
Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչը կարող է արտասահմանյան ներդրողներին խանգարել, որ ներդրումներ անեն Հայաստանում, և ի՞նչ քայլեր պետք է կառավարությունը ձեռնարկի, որպեսզի ներդրողները ավելի ակտիվ լինեն, Բալանյանը պատասխանեց․ «Քանի դեռ կա այս անկայուն իրավիճակը, արտասահմանյան լրջագույն կազմակերպությունները կխուսափեն ներդրումներից։ Մինչև վստահություն չունենան Հայաստանի իշխանության, իրավիճակի, ներքին և արտաքին կայունության վերաբերյալ՝ ներդրումներ չեն անի․ այս իմաստով խոշոր կապիտալը զգուշավոր է»։
Նա առաջարկեց, որ Հայաստանը և սփյուռքը միահամուռ ուժերով դիմեն համաշխարհային մասշտաբով մի քանի խոշոր ընկերությունների, և եթե այդ ընկերությունները գան Հայաստան, ապա սա ազդակ կլինի այլ կազմակերպությունների համար։
Իր հերթին Միքայելյանը նշեց, որ ամենամեծ ներդրողը տնտեսության մեջ եղել է և մնում է միջին ներդրողը, որը տարեկան տնտեսության մեջ ներդրում է մոտավորապես 3 միլիարդ դոլար։ «Կարևոր է նաև, որ Հայաստանի արտաքին դիրքը չի փոխվել և չի փոխվելու, այսինքն, եթե որևէ մեկը ուզում է Եվրոպայից կամ այլ տեղից ներդրումեր անել Կովկասյան տարածաշրջանում, օրինակ, էներգետիկայի ոլորտում, ներդրում է անում Ադրբեջանում, ենթակառուցվածքների ոլորտում՝ Վրաստանում, իսկ եթե ուզում է բարի ցանկություններով բարեգործություն անել, ապա Հայաստանում»,-ասաց Միքայելյանը։
Նրա խոսքով արտասահմանյան ներդրողներից շատերի հայաստանյան փորձը բացասական է․ օրինակ «Օրանժինը» կամ մասամբ «Վիոլիա ջրինը»։
Խոսելով ռուսաստանյան ներդրողների մասին՝ նա ասաց, որ նրանք կապված էին նախկին իշխանությունների հետ, և, բացի այդ, Ռուսաստանը հիմա տնտեսական ճգնաժամի մեջ է, ուստի նրանից չպետք է ներդրումներ ակնկալել։
Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ