«Գոյություն ունեն կենդանաբանական այգիների եւ ակվարիումների ասոցիացիաներ, որոնք կանոնակարգում են ոչ միայն կենդանաբանական այգիների աշխատանքը, այլև քաղաքականություն են մշակում տվյալ տարածաշրջանի կենդանիների ապօրինի առեւտրի դեմ, վայրի բնության պահպանության համար բազմաթիվ ծրագրեր են իրականացնում:
Օրինակ, Եվրոպական կենդանաբանական այգիների եւ ակվարիումների ասոցիացիան, որին անդամակցում է նաեւ Երեւանի կենդանաբանական այգին, տարեկան կտրվածքով ավելի քան 60 մլն եվրո է տրամադրում վայրի բնության պահպանությանը, որը գլոբալ մասշտաբով մեծ գումար է»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման (FPWC) հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը կազմակերպվելիք խոշորամասշտաբ գագաթնաժողովի մասին, որին ավելի քան 130 հյուր են ունենալու: Ռուբեն Խաչատրյանը հավելեց, որ Երեւանի կենդանաբանական այգին միջոցառումն իրականացնում է հիմնադրամի հետ համատեղ եւ ֆինանսական աջակցությամբ:
«Երեւանում հյուրընկալվելու է Եվրասիական կենդանաբանական այգիների եւ ակվարիումների ասոցիացիան, որի գլխամասը Մոսկվայում է, այդ կառույցը կից է Մոսկվայի կենդանաբանական այգուն: Գագաթնաժողովը, որ սովորաբար անցկացվում է կազմակերպությանն անդամակցող երկրներից մեկում, այս տարի հենց Երեւանում է անցկացվում եւ տեւելու է 4 օր»,-ասաց մեր զրուցակիցը: Նրանից տեղեկացանք, որ այդ շրջանակում մի շարք միջոցառումներ են կայանալու, այդ թվում` սեմինարներ, հանդիպումներ, կարգախոսն էլ լինելու է` ինչպես կարող են կենդանաբանական այգիները նպաստել տվյալ երկրի վայրի բնության պահպանությանը:
«Կենդանաբանական այգում այս ընթացքում զանազան միջոցառումներ են տեղի ունենալու, օրինակ` ավանդույթ դարձրած դդմի տոնը, որը մրցույթ է դպրոցականների համար, ու ավելի ակտիվ եւ ստեղծագործ դպրոցականները կստանան խրախուսական մրցանակներ: Կլինեն վարպետության դասեր, ծղոտից քանդակներ: Վերջինս տարածված է կենդանաբանական այգիներում, այցելուների համար կլինի ցուցադրություն բաց երկնքի տակ ողջ նոյեմբեր ամսին: Նախագծի նպատակը ուսանողներին, ինչպես նաև Կենդանաբանական այգու այցելուներին ներգրավելն է ստեղծագործական գործընթացում, նպաստել կենդանիների բարեկեցությանը և մարդ-կենդանի փոխհարաբերությունների խաղաղ գոյակցությանը»,-նշեց Ռուբեն Խաչատրյանը:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ այն թեմային, թե ինչպես Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Երեւանի կենդանաբանական այգու «կյանքում» հայտնվեց դեռեւս 8 տարի առաջ: «Բացի նրանից, որ կենդանաբանական այգին շատ վատ վիճակում էր, թե այցելուների, թե ցուցադրությունների ու թե ընդհանուր կառավարման առումով, այն նպատակ ուներ դարձնել այգին էկոլոգիական կրթության կենտրոն, որտեղ լայն հանրությանը հնարավոր կլիներ տրամադրել այն կարեւոր միջանկյալ տեղեկատվությունը, որը բաց էր թողնված թե դպրոցներում եւ թե բուհերում»,-ընդգծեց Երեւանի կենդանաբանական տնօրենը: Նա խոսեց նաեւ հիմնադրամի հետ միասին իրականացվող անազատության մեջ գտնվող վայրի կենդանիների, արջերի փրկության նախագծի մասին:
«Այգում արդեն կառուցվել է բավականաչափ մեծ ազատավանդակ, որտեղ արջերը 17-ն են, էլի ենք տարածը մեծացնելու: Արջերը եւ գայլերը այսօր միասին են ցուցադրվում Երեւանի կենդանաբանական այգում: Հիմնադրամը բավականին մեծ ներդրումներ է արել կենդանաբանական այգում` ստեղծելով գլխավոր հատակագիծը, որով առաջնորդվում ենք մինչ այսօր: Երեւանի կենդանաբանական այգին առաջիկա 1-2 տարում կդառնա լիարժեք անդամ Եվրոպական կենդանաբանական այգիների եւ ակվարիումների ասոցիացիայի, որով արդեն հիմք կդրվի կենդանիների ազատ ձեռքբերմանը:
Շատ կարեւոր է մասնագիտական ներուժը, որն իր մեջ ունի Եվրոպական կենդանաբանական այգիների եւ ակվարիումների ասոցիացիան, իսկ Եվրասիականը, ի տարբերություն Եվրոպականի, առաջին քայլերն է անում այն ուղղությամբ, որ կենդանին որպես վաճառքի միավոր այլեւս չի դիտարկվում: Հստակեցվում է, թե ինչու պետք է գործի կենդանաբանական այգի որեւէ քաղաքի համար եւ ինչով կարող է կենդանաբանական այգին նպաստել վայրի կենդանիների պահպանությանը: Նաեւ պատրաստվում ենք Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 15-ամյակը նշել, որի հետ իրականացրել ենք շատ նախագծեր, իսկ Երեւանի կենդանաբանական այգին առանցքային նախագիծ է հանդիսանում հիմնադրամի համար»,-հայտնեց պարոն Խաչատրյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ