Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորվել է 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով նախատեսված ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն: Դատական օրենսգրքով նախատեսված կարգի համաձայն՝ ԲԴԽ հինգ անդամներն ընտրվել են Ազգային ժողովում 2018թ. փետրվարի 27-ին, իսկ մարտի 1-ին կայացած դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել են ԲԴԽ-ի առաջին հինգ դատավոր անդամները: Ի սկզբանե ԲԴԽ ձևավորման գործընթացի և կազմի նկատմամբ անվստահություն է արտահայտվել: Օրինակ՝ «Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ քվեարկության արդյունքները կեղծվել են[1]:
Ձևավորումից անմիջապես հետո ԲԴԽ գործունեության մեջ տեղ են գտել կամայականություններ: Մասնավորապես, կամայականությունները դրսևորվել են 2017թ. հունվարի 9-ի ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված[2]՝ նշանակման ենթակա դատավորների ցուցակից առանձին թեկնածուների նշանակումը վարչական դատարանի համապատասխան նստավայրերում նշանակելու առնչությամբ: Հարկ է նշել, որ ՀՀ Նախագահի կողմից հաստատված 16 դատավորի թեկնածուից բաղկացած ցուցակում դատավորի 11 թեկնածուները հանդիսացել են դատավորների օգնական կամ դատական դեպարտամենտի տարբեր բաժինների, վարչությունների աշխատակիցներ[3]: Թեկնածուներից երեքը հանդիսացել են Արդարադատության ակադեմիայի, ՀՀ Ոստիկանության, Գլխավոր դատախազության աշխատակիցներ և ընդամենը երկուսը հանդիսացել են մասնավոր կազմակերպության աշխատակից՝ փաստաբաններ:
Բարձրագույն Դատական խորհրդի գործողությունների կամայականությունը դրսևորվել է դատական համակարգում աշխատանքի նախկին փորձ չունեցող, մասնավոր կազմակերպությունների փաստաբան հանդիսացող դատավորի թեկնածուների առնչությամբ:
Մասնավորապես, 2018թ. մայիսի 3-ի նիստում ԲԴԽ-ն կազմակերպել է վերաքվեարկություն և մերժել է ՀՀ վարչական դատարանի դատավորների թափուր տեղերը զբաղեցնելու համար օրենքով սահմանված կարգով առաջադրված երկու թեկնածուների թեկնածությունը[4], որոնցից մեկը հանդիսացել է փաստաբան: Այնուհետև մոտ չորս ամիս անց՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ի դռնփակ նիստում կրկին քննարկելով վարչական դատարանի դատավորի թեկնածուների թեկնածությունը, ԲԴԽ-37-99 և ԲԴԽ-37-100 որոշումներով ԲԴԽ-ի վերաքվեարկության արդյունքներով մերժված թեկնածուների թեկնածությունը վերահաստատել է և առաջարկել է ՀՀ Նախագահի հաստատմանը[5]:
Վերաքվեարկության կամ դատավորների նշանակման առնչությամբ ԲԴԽ կամայականությունները շարունակվել են նաև դատավորի թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի դատավորի թեկնածուների առնչությամբ:
Այսպես, 2018 թվականի օգոստոսի 20-ին ԲԴԽ-ն հրապարակել է 2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում առկա դատավորների թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվություն[6]:
2018 թվականի օգոստոսի 23-ի իր թիվ 34-Ո-89 որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնում առկա է դատավորի 3 թեկնածուներ[7]: Նույն որոշմամբ ԲԴԽ-ն արձանագրել է նաև, որ հաշվարկված քանակի մեջ չեն ընդգրկվում համապատասխանաբար վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Ռուստամ Մախմուդյանը, ով իր անհամաձայնությունն է հայտնել պատգամավոր ընտրված լինելու պատճառով, իսկ քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Մարինա Տաշչյանը՝ մայրության արձակուրդում գտնվելու պատճառով: Ըստ ԲԴԽ որոշման՝ 2018 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ դատական համակարգում առկա է դատավորի 8 թափուր հաստիք, որից 3-ը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ, 3-ը՝ քրեական մասնագիտացմամբ, 2-ը՝ վարչական մասնագիտացմամբ:
ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համապատասխան թափուր հաստիքների վերաբերյալ հիմքեր առաջանալու դեպքում ԲԴԽ եռօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոստային առաքմամբ գրավոր առաջարկություն է ներկայացնում ՀՀ Նախագահի կողմից հաստատված դատավորի թեկնածուներին՝ ըստ ցուցակում առկա թեկնածուների հաջորդականության:
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի թափուր հաստիքն առաջացել է 2018թ. օգոստոսի 10-ին:
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի թափուր հաստիքն առաջացել է 2018թ. սեպտեմբերի 6-ին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի թափուր հաստիքն առաջացել է 2018թ. սեպտեմբերի 15-ին:
Չնայած ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր հաստիքի վերաբերյալ տեղեկատվության առկայությանը՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ԲԴԽ-ն ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի վերաբերյալ դատավորներին առաջարկություն չի արել, համապատասխան նշանակումներ չի իրականացրել: Այնուհետև, դատավորի երեք թեկնածուները ստացել են Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում թափուր հաստիքի համար առաջարկություն, սակայն մերժել են[8]: Նման իրավիճակի վերաբերյալ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքն ունի կարգավորումներ, մասնավորապես՝ 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգով թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն, բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառով հրաժարվելու դեպքերի, այսինքն, բացառությամբ այն դեպքերի, երբ թեկնածուն ներկայացնում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով գործատուի կողմից ձևակերպված հրաման այն մասին, որ աշխատողը գտնվում է հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում:
Օրենքով սահմանված կարգով քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների երեք թեկնածուից բաղկացած ցուցակից որևէ թեկնածու չի հանվել:
2018 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ ԲԴԽ-ն դադարեցրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանի լիազորությունները[9] և այդ հիմքով առաջացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թափուր հաստիք:
Այդ հաստիքի համալրման համար ԲԴԽ-ն քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի երեք թեկնածուներից որևէ մեկին առաջարկություն չի ներկայացրել:
2018 թվականի հոկտեմբերի 10-ին ԲԴԽ-ն քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի երկու թեկնածուների մասնակցությամբ հրավիրել է ԲԴԽ նիստ: Ըստ ԲԴԽ-ի[10]՝ քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիական մասնագիտացմամբ երեք թեկնածուներից մեկի՝ Աշխեն Ղարսլյանի դիմումը՝ ՀՀ Դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված «մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառով» արտահայտության վերաբերյալ ԲԴԽ դիրքորոշումը պարզելու հանգամանքը: Հարկ է նշել նաև, որ քաղաքացիական մասնագիտացմամբ երեք թեկնածուներից երկուսը հանդիսացել են դատավորի օգնականներ:
Այսինքն՝ ԲԴԽ-ն ոչ թե օրենքով սահմանված կարգով ըստ թեկնածուների ցանկի իրականացրել է թափուր հաստիքների վերաբերյալ առաջարկություններ, այլև փորձել է քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուներից իր նախընտրությամբ ըստ նստավայրերի նշանակումներ իրականացնել՝ փորձելով նաև ճնշում գործադրել: Այնուհետև ԲԴԽ-ն նշել է, որ անհրաժեշտություն կա հարցումներ անել տարբեր նախարարությունների «մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառով» արտահայտության վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ ստանալու, մինչդեռ, ՀՀ Արդարադատության նախարարության և ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության կողմից պաշտոնական մեկնաբանություն արդեն տրվել է[11]: Ավելին՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը նման կարգավորում և առավել ևս հնարավորություն ԲԴԽ-ին չի նախատեսում:
ԲԴԽ քննարկման և դատարանի թափուր հաստիքների թեկնածուների առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ ԲԴԽ-ն որևէ տեղեկություն չի հրապարակել:
Ըստ էության վարչական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների նոր քվեարկություն կազմակերպելու, քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուների հետ քննարկում կազմակերպելու իրավասություն ԲԴԽ-ն չի ունեցել, և սա կարող է հանդիսանալ դատավորների, դատավորների թեկնածուների նկատմամբ ներքին ճնշման գործիք:
Այսպես, 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել ՀՀ Դատական նոր օրենսգիրքը: Դատական օրենսգրքի անցումային հոդվածներն անդրադարձել և կարգավորել են ՀՀ Նախագահի կողմից մինչև Դատական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը դատավորների թեկնածուների հաստատված ցուցակի և դատավորների նշանակումների հետ կապված հարցերին:
Դատական նոր օրենսգրքի 166-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ «մինչև Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորությունները ստանձնելու օրը Հանրապետության նախագահի կողմից հաստատված դատավորների թեկնածությունների ցուցակը սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո պահպանում է իր ուժը…»:
Այսինքն՝ ՀՀ Դատական նոր օրենսգրքով ձևավորված ԲԴԽ-ն արդեն հաստատված դատավորի թեկնածուների ցուցակի առնչությամբ որևէ նոր գործողություն իրականացնելու իրավասություն չուներ: Օրենքի ուժով թափուր տեղ առաջանալու դեպքում համապատասխան թեկնածուին արվում է գրավոր առաջարկություն և եթե վերջինս տալիս է իր գրավոր համաձայնությունը, ԲԴԽ-ն նրա թեկնածությունը ներկայացնում է երկրի նախագահին: Ավելին, օրենսգիրքը չի նախատեսում, որ ԲԴԽ պետք է կամ կարող է հանդիպում, մասնավոր զրույց ունենալ դատավորի թեկնածուների հետ: Դատավորի թեկնածուի պաշտոնում նշանակելու համար երկրի նախագահին ներկայացնելու միակ նախապայմանը դատավորի թափուր տեղը զբաղեցնելու վերաբերյալ թեկնածուի համաձայնությունն է:
Դատավորների առաջխաղացման ցուցակների առնչությամբ ԲԴԽ գործողությունները և որոշումները ևս առաջացրել են դատավորների ընդհանուր դժգոհությունն այն պնդմամբ, որ ԲԴԽ-ն առաջխաղացման ցուցակներում ընդգրկում է դատավոր չաշխատած անձանց[12]:
Դեռևս Դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը մտահոգություններ էր հայտնել ԲԴԽ լիազորությունների և հավակնորդների (դատավորի) վերաբերյալ որոշումների կայացման կամայականության հնարավորությունների առնչությամբ, քանի որ օրենսդրական կարգավորումները հնարավորություն են տալիս ԲԴԽ-ին իր կողմից կազմակերպված հարցազրույցի արդյունքում մերժելու առավելագույն միավոր հավաքած հավակնորդների թեկնածությունը: Փաստորեն առավելագույն միավորներ հավաքած հավակնորդները կարող են հայտնվել նույն կարգավիճակում, ինչ նվազագույն միավորներ հավաքածները, և վերջնական որոշումը կայացվում է հարցազրույցի արդյունքում՝ հնարավորություն տալով ԲԴԽ-ին սուբյեկտիվություն և կամայականություն դրսևորել:[13]
Հանրային քննադատություններից հետո 2018թ. հուլիսի 3-ին Արդարադատության նախարարությունն օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ԲԴԽ գործունեությանն առնչվող մի շարք կարգավորումներում:[14] Սակայն այս նախագծերը չեն սահմանափակում հավակնորդների վերաբերյալ որոշումների կայացման կամայականությունների հնարավորությունները: Ավելին, առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելու կարգը ԲԴԽ-ից փոխանցվում է ԲԴԽ նախագահին:
Հայեցակարգը որևէ կերպ չի անդրադառնում ԲԴԽ դերին, նրա գործունեությանը, թափանցիկության, արդյունավետության և ընդհանուր բարելավմանը: Ավելին, այն չի ներկայացնում Հայեցակարգի իրականացման մեխանիզմները, անհրաժեշտ ռեսուրսների ձեռք բերման, ընդհանուր ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող դերակատարների հետ համագործակցության հարցերին:
Սույն տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2018 թվականի հոկտեմբերին
[1] Հետք, Բարձրագույն դատական խորհրդի անդամները ընտրվեցին «Ելքի»-ի վստահեցմամբ՝ արդյունքները կեղծվել են, 2018թ., 28 փետրվար, http://hetq.am/arm/news/86164.
[2] Հայաստանի հանրապետության նախագահի հրամանագիրը դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու և Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-136-Ա հրամանագրում լրացումներ կատարելու մասին, http://www.irtek.am/views/act.aspx?aid=88163.
[3] ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ՆՀ-136-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, 9հունվարի 2017թ., ՆՀ-1-Ա, http://www.irtek.am/views/act.aspx?aid=88163
[4] Հայաստանի Հանրապետության դատական իշխանություն, ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ, 04 մայիսի 2018թ., http://court.am/index.php?link=news/4-5-18/4-5-18.htm
[5] ԲԴԽ-37-Ո-99 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԲԴԽ-37-Ո-100 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, http://court.am/index.php?link=arm/top/bdx/bdx-decisions.htm
[6] Հայաստանի Հանրապետության դատական իշխանություն, ՏԵՂԵԿԱՆՔ 20.08.2018 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում առկա դատավորների թափուր հաստիքների վերաբերյալ, http://court.am/index.php?link=arm/right/judgevacancy.htm
[7] ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժինների համալրման մասին, ԲԴԽ-34-Ո-89 2018թ.,
[8] Տեղեկությունները ստացվել են նիստին մասնակից փաստաբաններից
[9] Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարնի դատավոր Էդգար Սեդրակյանի լիազորությունների դադարումը՝ այլ դատարանի դատավոր նշանակվելու հիմքով արձանագրելու մասին ԲԴԽ-38-Ռ-101 2018թ., http://www.court.am/arm/top/bdx/decisions/%D4%B2%D4%B4%D4%BD-38-%D5%88-101.pdf
[10] Տեղեկությունները ստացվել են նիստին մասնակից փաստաբաններից
[11] Տեղեկությունները ստացվել են նիստին մասնակից փաստաբաններից
[12] Lragir.am, Դատավորները պատրաստվում են գրոհի, 24 հուլիսի 2018թ., https://www.lragir.am/2018/07/24/366493/
[13] Կետ 116-118, էջ 23, CDL-AD(2017)019, Opinion on the draft Judicial Code adopted by the Venice Commission at its 112th Plenary Session (Venice, 6-7 October 2017).
[14] «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծեր, https://www.e-draft.am/projects/994/about.