ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ ամերիկյան զենքին լավ ծանոթ ենք, այն օգտագործում ենք տևական ժամանակ՝ մեր խաղաղարար առաքելությունների մեջ և բավականին էլ գոհ ենք:
Հիշեցնենք՝ պաշտոնական այցով առաջին անգամ Երեւանում գտնվող՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց ՀՀ-ին եւ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը Ռուսաստանին այդ երկրների վրա ազդեցության մեծ լծակներ է տալիս և մանրամասնեց. «Իսկ դա խաղաղության չի բերում: Նշեմ նաեւ, որ մենք՝ ամերիկացիներս, հավատում ենք մրցակցությանը՝ որպես շարժիչ ուժ: Միանշանակ, մեր զենքն ավելի լավն է, քան ռուսականը»:
Արծրուն Հովհաննիսյանին հիշեցրինք՝ հակամարտության երկրներին ՌԴ-ի զենք վաճառելու վերաբերյալ ժամանակին ամերիկյան կողմից քննադատական հայտարարություններ էին հնչում, մինչդեռ հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրի բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարությամբ է հանդես գալիս, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ն փոխել է իր դիրքորոշումը, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «Մեր զինված ուժերում ամերիկյան սպառազինություն խոցող չկա, և կոնկրետ պլան էլ այս պահին չեմ կարող ասել, որ կա: Բայց մենք ծանոթ ենք ամերիկյան զենքին, հատկապես ոչ խոշոր սարքավորումներին. մենք դա օգտագործում ենք հատկապես խաղաղարար առաքելությունների ժամանակ: Արդեն տարիներ շարունակ մեր խաղաղապահ բրիգադը զինված է և օգտագործում է նման սարքավորումներ: Ճիշտն ասած, առնվազն ոչ մի բողոք չունենք ու շատ գոհ ենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ