Այսօր լրագրողները արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին հարցրեցին, թե իշխանությունները իրենից խորհուրդներ վերցնո՞ւմ են Գյումրիում ծրագրեր իրականացնելու հարցով, հատկապես որ դեկտեմբերի 7-ին լրանում է երկրաշարժի 30-րդ տարին։
«Ես կոնկրետ ծրագրերից այսօր չեմ կարող խոսել, որովհետև տեղյակ չեմ շատ բաներից, գիտեմ, որ քաղաքում լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ են գնում՝ ճանապարհաշինության, մյուս, մյուս առումներով։ Երբ վարկեր ձևակերպեցին, ես այդ ժամանակ այստեղ էի։ Շիրակի մարզի հետ կապված խնդիրները մի քիչ շատ են՝ մի անգամ ասել, մի խոսքով ասել հնարավոր չէ։ Եթե մենք ասում ենք աղետի գոտի և այլն, և այլն, մի քիչ մոռանանք այդ մասը, չհիշենք, ասենք՝ լավ աղետի գոտի չէ, ասում ենք, որ Շիրակի մարզն է․․․
Շիրակի մարզը երևի հանրապետության քիչ մարզերից է, որը չունի հանքարդյունաբերություն, չունի այն հիմնական բնագավառները, որտեղից եկամուտները շատ են։ Շիրակի մարզում մի քիչ չոր է, կլիման գիտեք ինչ է, այստեղ հիմնական շեշտադրումը ժամանակին եղել են աշխատատեղերը, մարդկանց աշխատանքով ապահովելը։
Այսօր առաջնահերթ խնդիր որ կա, դա աշխատատեղերի ստեղծումն է, միակ ճանապարհը դրա ներդրումների ֆոնի ստեղծումն է, որին իշխանություններն այսօր շատ մեծ տեղ են տալիս։ Որ անընդհատ կրկնում են՝ անկախ դատական համակարգ և այլ, և այլն, չշարունակեմ։ Եվ սրանք բոլորը նպաստող հանգամանքներ են վաղը մյուս օր ներդրումներ անելու համար։
Համոզված եմ, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո ավելի պարզ կլինի դաշտը և շատ ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն ներդրումների համար։ Եվ այդ ներդրումները բնական է, որ միայն Երևանում չեն լինելու, Շիրակն արդեն գայթակղիչ է դարձել, Գյումրին իրենով արդեն գայթակղիչ է․ քաղաքը իր ձևով, իր տեսքով, տուրիզմով, մյուսով, մյուսով․․․
Ես միշտ ասել եմ Գյումրիի պես երկրորդը չկա Հայաստանում, որն ունի այսպիսի ճարտարապետություն՝ հին մնացած կառույցներ, այսօր Երևանում դժվար է ճարել այնպիսի շենքեր, որոնք Գյումրիի շենքերի տարիքին են։ Սրա վրա շեշտադրումներ պետք է արվեն Գյումրիում, տուրիզմը շատ կարևոր է Գյումրիի համար։ Ես այսօր կենտրոնական փողոցներում տեսնում եմ, պայմաններ ստեղծվում են դրա համար, աճում են, ինչ-որ բաներ փոխվում են։ Ես միշտ ասում եմ՝ առաջին օրը, որ ես եկել եմ Գյումրի՝ նախկին աշխատանքին, լրիվ ուրիշ Գյումրի էր, հիմա՝ ուրիշ։ Գիտեք, այսպիսի մի բան կա, երբ որ ամեն օր տեսնում ես մի բան, սովորում է աչքդ, երբ որ մի քիչ բացակայում ես, նոր ես տեսնում, արդեն աչքիդ երևում է, տեսնում ես, որ նոր բան կա, իսկ Գյումրիում նոր բաներ շատ կան։
Գյումրիին և գյումրեցիներին ցանկանում եմ հաջողություն, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո գնանք այն ճանապարհով, որը գյումրեցիներն ուզում են իրենց քաղաքի համար»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Արևշատյան ջան,բա մի հատ էդ ժողովրդի կողքին կանգնածին հոկտոմբերի 27-ի նախորեին չհարցնեիր,թե ինքը 1997 թ-ի այդ նույն օրը ինչ պաշտոն էր զբաղեցնում և որտեղ հայտնվեց դրանից հետո:Ռոբիկի և Սերժիկի սպասավորը հիմա էլ ժողովրդի կողքին է կանգնած:Ամոթ է: