Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հոկտեմբերի 26-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում խոսելով լեզվավիճակի մասին, ասաց, որ նաեւ հեռուստատեսության մեղքով գրական հայերենի դիրքերը նահանջել էին: Նրա ձեւակերպմամբ, զուգահեռաբար կապեր են հաստատել որոշ թերթերի, այդ թվում` «Եթերի», «Կանչի» եւ մյուսների հետ, ու ամեն համարում կարեւոր եւ հետաքրքրաշարժ նյութեր են տպագրվում:
Նրա խոսքերով, հեռուստատեսությունը բազմահազարանոց լսարան ունի, ուստի հեռուստատեսության լեզվի ուսումնասիրությամբ էլ են զբաղվում եւ ծավալուն հորդորակներ են պատրաստվել ու ուղարկել հեռուստաընկերություններին:
«Չերեւացող աշխատանքը, որ արվում է, փոխում է լեզվի որակը»,-վստահեցնում է պարոն Գյուրջինյանը: Լեզվի կոմիտեի նախագահը շեշտեց, որ բոլոր լրատվամիջոցները տարածում են իրենց հորդորակները, մասնավորապես որ-ովի գրագետ օգտագործման վերաբերյալ: Նա նաեւ խոսեց «իրականացնել» բառի չարաշահման մասին հորդորակից:
Ինչ վերաբերում է գովազդային ցուցանակներին եւ վահանակներին, Դավիթ Գյուրջինյանը հիշեցրեց, որ երբ նշանակվում էր Լեզվի կոմիտեի նախագահ, դեռ այն ժամանակ է ասել, որ տուգանելու փոխարեն պետք է անցնել հորդորների: «Իրազեկիչ նամակներ մենք կրկին ուղարկում ենք, բայց մեր կանոնադրության մեջ տուգանելու մասին կետ չկա: Քանի որ Հայաստանը գտնվում է տեսչական բարեփոխումների փուլում, նախկին տեսչության այդ գործառույթը մեզ տրված չէ…Այդ հարցում, պետական լեզվի շահերից ելնելով` պետք է համագործակցենք ՏԻՄ-երի եւ տնտեսվարողների հետ, որոնց պարբերաբար տեղեկացնում ենք սխալների մասին»,-ասաց նա:
Կոմիտեի նախագահը փաստեց, որ հաճախ օտար անունը գրում են հայերեն տառերով, որը նրա բնորոշմամբ, զարհուրելի է: Բայց միեւնույն է, նրա կարծիքով, տուգանելու գաղափարը լավագույնը չէ. «25 տարի շարունակ օտար անունները եղել են եւ կան, ուղղակի պետք է քաղաքացու եւ տնտեսվարողի գիտակցությունը փոխվի: Չպետք է մոռանանք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որը պահանջում է, որ տեղեկությունը հայերեն ստանա»:
Պատասխանելով լրագրողի հարցին, պարոն Գյուրջինյանը հավելեց, որ Լեզվի բարձրագույն խորհուրդը այլեւս չկա, սակայն առաջիկայում այն ուրիշ անունով կլինի Լեզվի կոմիտեի կազմում:
Մատենադարանի եւ Լեզվի կոմիտեի համագործակցությանն էլ անդրադարձ եղավ: «Շուտով մի քննարկում ունենք Մաշտոցյան մատենադարանում. Լեզվի կոմիտեի ներկայացուցիչները կհանդիպեն Մատենադարանի գիտաշխատողների հետ եւ կքննարկենք մշակվելիք լեզվական պետական քաղաքականության ծրագրի ուղղությունները»,-լրագրողներին հայտնեց Դավիթ Գյուրջինյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ Գյուրջինյանի ֆեյսբուքյան էջից
«օտար անունը գրում են հայերեն տառերով, որը … զարհուրելի է»
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն աւելի անհեթեթ բան չէր կարող ասել։ Երբ հայերէն բառերն ու հայերէն անուններն են գրւում օտար տառերով պակաս զարհուրելի է՞։ Կամ ի՞նչ զարհուրելի բան կայ այդտեղ։ Մի երկու օր առաջ Դեռ Շպիգելը (ո՛վ զարհուրանք) պատմում էր, որ չինացիք Չինաստանում կառուցել են աւստրիական Հալլշտադտի (մի նոր զարհուրանք) լիակատար (հայելանման արտապատկերւած) կրկնօրինակը, որր նրանցում, իրենց հիերոգլիֆներով ստանում է Հաշիտատէ անունը։ Պատկերացնո՞ւմ եք ինչ զարհուրանք պիտի զգային չինացիք կամ աւստրիացիք։ Բայց հը-ը՛հ։ Ոչ մի բան էլ չի փոխւել, 790 բնակիչ, բայց շարունակաբար 150 000 հիւր ունեցող Հալլշտադտն իր տեղն է Աւստրիայում, դրա կրկնօրինկ Հաշիտատէ-ն էլ, Չինաստանում՝ իր։
https://www.aravot.am/2018/10/26/989585/
Իդէպ, ահա դեռ Շպիգելի նշւած յօդւածը
http://www.spiegel.de/reise/europa/hallstatt-in-oesterreich-warum-kommen-so-viele-touristen-aus-china-a-1233291.html
(պարզւում է՝ ես սխալ էի յիշում, գիւղաքաղաքի անունը Հալլշտատտ է, ոչ թէ Հալլշտադտ)