«Արժանապատիվ Ապագա» կուսակցության քաղաքական խորհրդի հարգելի անդամներ,
Շնորհակալ ենք մեզ ուղարկված նամակում «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետին հղում կատարելու համար։
Ցանկանում ենք Ձեզ հիշեցնել, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առկա է նաև 32–րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը, որի համաձայն «Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել, եթե կուսակցությունը ինքնուրույն կամ կուսակցությունների դաշինքի կազմում կամ այլ կուսակցության ընտրական ցուցակի կազմում երկու անգամ անընդմեջ չի մասնակցել Ազգային ժողովի կամ Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին»:
Ստորև կցում ենք Ձեր կուսակցության կողմից կատարված հայտարարությունը, ըստ որի «Արժանապատիվ Ապագա» կուսակցությունն իր գոյության ավելի քան 20 տարիների ընթացքում մասնակցել է 1999 և 2003թթ․ խորհրդարանական ընտրություններին և փաստելով դրանց արդյունքների անարժանահավատությունը, իշխանությունների կողմից քաղաքական համակարգի՝ դեպի ամայացում տանող գործողությունները՝ հետագայում հրաժարվել է քաղաքական գործընթացներում ակտիվ մասնակցությունից»։
Մինչդեռ խորհրդարանական ընտրություններ տեղի են ունեցել 2007, 2012 և 2017 թվականներին, Երևանի ավագանու ընտրություններ տեղի են ունեցել 2009, 2013, 2017 և 2018 թվականներին, տեղի են ունեցել նաև Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններ։
Կարող ենք փաստել, որ «Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը չի մասնակցել առնվազն 7 ընտրական գործընթացի և պետք է ենթարկվի «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 32–րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին։
«Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խումբը կուսակցության անվան ընտրության ժամանակ կարևորել է Արժանապատվության գաղափարը և նպատակ ունի արժանապատիվ դարձնել մեր հայրենիքում կյանքի բոլոր ոլորտները։ Միաժամանակ առաջնորդվել ենք «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետով, գնահատելով «Արժանապատիվ Հայաստան» անվանումը որպես չկրկնվող, քանզի «Արժանապատիվ» բառը չի կարող սեփականացվել, չի պատկանում որևէ անհատի կամ խմբի և կարող է օգտագործվել ցանկացած անձի կողմից անկախ սեռից, տարիքից և ազգությունից։ Հաշվի է առնվել նաև «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 32 –րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը (մեջբերված է վերևում)։
Բնավ չակնկալելով «Արժանապատիվ Ապագա» կուսակցության գործունեության խոչընդոտում` «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խումբը և ես` Մարինա Խաչատրյանս, կոչ ենք անում արհեստական խոչընդոտներ չստեղծել երիտասարդ ուժի կայացման և առաջընթացի համար և միահամուռ ուժերով նպաստել մեր հայրենիքի զարգացմանը։
Հարգանքով,
«Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խումբ