Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեցին, թե ինչ ցուցակով են պատրաստվում մասնակցել առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին, այդ ցուցակը գլխավորելո՞ւ է Սերժ Սարգսյանը: Նա պատասխանեց. «Ցուցակի հնգյակը, քառյակը կամ տասնյակը մենք չենք քննարկել»:
Նա ասաց, որ որեւէ բան չեն կարող ասել, թե Սերժ Սարգսյանը կլինի կամ չի լինի առաջին համարը, առաջիկայում քննարկում են անելու, այդ ժամանակ էլ կորոշեն: Թե ՀՀԿ շարքերում ինչպիսի՞ տրամադրություններ են այդ առումով՝ Բաղդասարյանը պատասխանեց. «Կուսակցության ցուցակը մասնակցության դեպքում պետք է լինի միանշանակ քաղաքական ցուցակ, այդքանը կարող եմ ասել, մնացածը մոտ օրերում կիմանաք»: Լրագրողները ճշտեցին՝ նկատի ունեք, որ այլեւս չե՞ն լինելու ձեր ցուցակում գործարարներ, ինչպես արել եք 10 տարի շարունակ՝ Վահրամ Բաղդասարյանն ի պատասխան հորդորեց չշտապել, զինվել համբերությամբ:
Նա ասաց, որ քաղաքական զարգացումների արդյունքում են եկել այդ եզրակացության, որ քաղաքական ցուցակով են հանդես գալու, առավել եւս հիմա, երբ պետք է լինեն ընդդիմություն. «Մեր ցուցակը պետք է ընդդիմությանը հարիր ցուցակ լինի»:
Հարցին, թե ո՞ր տեղն եք հավակնում լինել խորհրդարանում՝ Բաղդասարյանը պատասխանեց. «Մեր նպատակն է ձեւավորել քաղաքական պառլամենտ՝ պառլամենտական երկրին հարիր: Մեզ համար գերնպատակ չի եղել լինել իշխանություն, քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն եւ ընդդիմություն լինել, եւ իշխանություն: ՀՀԿ-ն եղել է ե՛ւ փոքրամասնություն, ե՛ւ մեծամասնություն: Իհարկե, յուրաքանչյուր ուժ պետք է պայքարի, որ լինի մեծամասնություն, լինի իշխանություն: Եթե այդ նպատակը չկա, ուրեմն քաղաքականություն մտել են ինչ-որ այլ նպատակներով՝ պարզապես գոյություն պահպանելու համար: Մենք մտնում ենք Ազգային ժողով՝ մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու: Կլինի հնարավորություն, մենք կվաստակենք համապատասխան ձայները, կլինենք ընդդիմություն, կարող է ընդհանրապես ներկայացված չլինենք, բայց մոտեցումը քաղաքական է»:
Նա ասաց, որ արմատական կառուցողական ընդդիմություն են լինելու՝ դրականը նկատող:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ն, երբ իշխանություն էր, իր համար գրպանի ընդդիմություն ունեցե՞լ է, դրա մասին խոսել էր Գեւորգ Գորգիսյանը: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ մեկին մրոտելու համար այդպես են գրել ԶԼՄ-ներում, բայց դա չի համապատասխանում իրականությանը. «Մի հավատացեք, դա սխալ մոտեցում է: Կարող է իրենք են ձգտել, որ դառնան գրպանի ընդդիմություն, բայց ընդունվել են, թե ոչ՝ դրա մասին ես չեմ կարող բարձրաձայնել»:
Aravot.am-ը հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձեզ են ձեռնտու ու եթե գործող ԸՕ-ն մնա, նա զգուշացրեց, որ դուք 0 ձայն եք ստանալու, դուք նման մտավախություն չունե՞ք, որ ձայն չեք ստանա: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Շնորհակալ եմ Փաշինյանին խորհրդի համար, իշխանությունն այդպիսին պետք է լինի, որ մտածի արմատական ընդդիմության մասին: Այնտեղ նաեւ այլ ֆրազներ եղավ, Կապանի ընտրություններին էր նվիրված, ես այն պատկերացումը կազմեցի, որ բացի հայտարարված իշխանության թեկնածուից, չի կարելի ուրիշ մեկին ձայն տալ, հակառակ պարագայում այդ մարդիկ օլիգարխներ են, հանցագործներ են, եթե ձայն են տալիս ուրիշին»:
Բաղդասարյանն ասաց, որ մեկ տարի հետո, եթե Փաշինյանի թիմը կունենա այդ քաղաքական կամքը, կհայտարարի ու կընդունի, որ իրոք, ճիշտ չէր դեկտեմբերին ընտրություն կազմակերպելը. «Այս խորհրդարանը շատ բնականոն հունով աշխատում էր, կարելի էր այս խորհրդարանով գնալ մինչեւ 2022 թվական»:
Բաղդասարյանը բացատրեց, թե ինչու իրենք չէին կարող ոգեւորվել Կապանի ընտրություններից, ինչպես Փաշինյանն էր ասում, ու դրա համար ԸՕ-ի քվեարկությունը բոյկոտել: Մանրամասները՝ շուտով տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ