Հայաստանում ամեն տարի գյուղատնտեսական սեզոնի բացման հետ առաջանում են նույն խնդիրները` կապված պարարտանյութերի գների, դրանց որակի, սահմանափակ տեսականիի եւ այլնի հետ: Այդ մասին են վկայում այդ թեմաներով հրապարակումները մամուլում եւ հեռուստատեսությամբ:
Գյուղատնտեսները մշտապես բողոքում են, որ իրենց հողատարածքներից չեն կարողանում բարձր եւ կայուն բերք ստանալ, քանի որ չկան որակյալ պարարտանյութեր, եղածները՝ թանկ են, ուստի, հիմնականում, պարարտացվում են մեկ տեսակով` ազոտական պարարտանյութերով:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը հանքային պարարտանյութերի արտադրություն չունի, հետեւաբար պարարտանյութերի պահանջարկը պետք է բավարարել ներկրումների միջոցով:
Երեկ հայաստանյան շուկային իր արտադրանքն առաջարկեց «Եվրո Քիմ» ընկերությունը: Այս ընկերության հանքային պարարտանյութերն արդեն ծանոթ են մեր գյուղատնտեսներին, սակայն «Եվրո Քիմ»-ի արտադրանքը մեր երկրում սպառվել է ոչ այնքան մեծ ծավալներով: Այսուհետ ընկերության պարարտանյութերը Հայաստանում կսպառվեն դիստրիբյուտորական ցանցի միջոցով: Երեկ «Եվրո Քիմ»-ի եւ հայկական մի քանի ընկերությունների հետ այս մասին համագործակցության հուշագիր ստորագրվեց:
«Եվրո Քիմ Թրեյդինգ Ռուս»-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Սերյոգինը Երեւանում պարարտանյութերի շուկայով հետաքրքրված մասնագետներին ներկայացրեց ընկերության արտադրանքը՝ նշելով, որ այս ոլորտում առաջնորդվում են նոր մոտեցումներով: Նրա խոսքով, բարձր արդյունավետությամբ գյուղատնտեսական արտադրությունը եւ աճող եկամտաբերությունը «Եվրո Քիմ»-ի հիմնական նշանաբանն է: Եվ այդ սկզբունքից ելնելով էլ ընկերությունը համագործակցում է գիտության եւ արտադրանքի օպտիմալ լուծումների որոնման եւ նոր արդյունավետ դեղամիջոցների հետ, որոնք տարեկան համալրում են ընկերության արտադրական գիծը:
Պարոն Սերյոգինի ներկայացմամբ, «Եվրո Քիմ»-ը դասականից բացի առաջարկում է նաեւ նորագույն լուծումներով պարարտանյութեր:
Մանրամասները՝ տեսանյութում
Ընկերության ձեռնարկություններն արտադրում են ազոտային, ֆոսֆորային, 2018 թվականից սկսած՝ Կալիումի եւ մասնագիտացված ջրային լուծվող պարարտանյութեր, ինչպես նաեւ օրգանական սինթեզի արտադրանքների եւ երկաթի հանքաքարերի խտանյութ: «Եվրո Քիմ»-ի արտադրանքը մատակարարվում է ավելի քան 100 երկրներ:
Ընկերության արտահանման վաճառքի տնօրեն Ֆիրդաուսա Յունուսովան ասաց, որ իրենց ընկերությունը պարարտանյութեր է մատակարարում Բելառուսին, Վրաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային, Մոլդովային:
Մաքսիմ Սերյոգինի խոսքով, իրենք ոչ միայն մատակարարելու են «Եվրո Քիմ»-ի արտադրած պարարտանյութերն, այլեւ իրենց կուտակած հսկայական փորձն այս ոլորտում ներդնելու են Հայաստանում:
Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, պարարտանյութերի շուկան առանձնահատուկ է եւ պայմանավորված սեզոնով, պահանջարկով ու այլ գործոններով գները փոփոխվում են, սկսում են աճել. «Սակայն, այն ինչ ներկայումս մենք կազմակերպում ենք Հայաստանում՝ դիստրիբյուտորական ցանցը, թույլ կտա իջեցնել այդ գնային տատանումները, որովհետեւ դիստրիբյուտորների հիմնական դերը նրանում է, որպեսզի գնումը կատարեն այն սեզոնին, երբ պարարտանյութերի գները ցածր են, պահանջարկի ժամանակ էլ ապահովեն պարարտանյութերով»:
«Եվրո Քիմ»-ի գլխավոր տնօրենը նաեւ ասաց, որ իրենց ընկերության արտադրանքը Ռուսաստանի Դաշնությունում զբաղեցնում է պարարտանյութերի շուկայի 30 %-ը:
Պարարտանյութերի ձեռքբերմամբ եւ բաշխմամբ զբաղվող հայաստանյան «Քիմ Իմպեքս» ընկերությունը երեկ նույնպես համագործակցության հուշագիր ստորագրեց «Եվրո Քիմ»-ի հետ: Ընկերության տնօրեն Կառլեն Ալեքսանյանն ասաց, որ «Եվրո Քիմ»-ը մատակարարում է համակցված պարարտանյութեր, որը նորույթ է Հայաստանի շուկայի համար եւ դրանք նպաստել են գյուղմթերքի որակի եւ արտադրողականության բարձրացմանը. ««Եվրո Քիմ» ընկերության հետ աշխատում ենք 2016 թվականից, շատ խոշոր ընկերություն է, որն արտադրում է պարարտանյութերի բավականին մեծ տեսականի: Կան այնպիսի տեսակներ, որոնք Վրաստանից, Իրանից չենք կարող ներկրել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Միջոցառմանը ներկա Կոտայքի մարզպետարանի Գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը կարծում է, որ գյուղացիական տնտեսությունները նոր տեխնոլոգիաներով կիրառվող պարարտանյութերի օգտագործմամբ հնարավորություն կունենան շահույթ ստանալ, ծախսերը փոխհատուցել. «Մեր բոլոր համայնքներին կտրամադրենք ընկերության տված բուկլետները, կծանոթանան, ցանկանալու դեպքում կարող են ազատ համագործակցել: Կարծում եմ գյուղացիական տնտեսությունները շատ մեծ հետաքրքրություն հանդես կբերեն»:
Պարոն Եղիազարյանը նաեւ ասաց, որ իրենց մարզում ճիշտ է քիչ քանակությամբ, բայց այս ընկերության պարարտանյութերը օգտագործող ֆերմերներ եղել են, եւ ավելի լավ արդյունքի են հասել, քան այն գյուղատնտեսները, որոնք օգտագործել են այլ ընկերության պարարտանյութեր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ