Լրահոս
Օրվա լրահոսը

Պղնձաձուլարանի աշխատակիցներն այսօր կհանդիպեն Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարին

Հոկտեմբեր 26,2018 15:33

Արդեն մեկ շաբաթ է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը չի աշխատում: Հոկտեմբերի 22-ից՝ երկուշաբթի օրվանից սկսած՝ աշխատակիցները հերթով ծանուցումներ են ստանում՝ աշխատանքից ազատված լինելու մասին: Այդուհանդերձ չեն հաշտվում գործազուրկի իրենց կարգավիճակի հետ: Այսօր աշխատակիցները կհանդիպեն փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի հետ՝ քննարկելու իրենց եւ գործարանի ճակատագիրը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից մեկը՝ Արմեն Կիրակոսյանը:

Լուրը հաստատեցին նաեւ կառավարությունից: Aravot.am-ի հարցին ի պատասխան, Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ասաց, որ հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին: Մեր հարցին, թե կառավարությունն ունի՞ նորություն աշխատակիցների համար, պատասխանեց, որ հանդիպումից հետո կխոսեն:

«Գործարանը բոլոր դեպքերում պետք է աշխատի, որովհետեւ գործարանը պահում է մի ամբողջ քաղաք, այսօր քաղաքը կանգնած է, ժողովրդի սոցիալական վիճակը ահավոր է»,-ասաց Արմեն Կիրակոսյանը: Նրա խոսքով, տուգանքների հարցը որպես այդպիսին կարելի է համարել լուծված, քանի որ կառավարությունը մեկ տարի եւ ավել ժամկետներ է տրամադրել, որպեսզի մինչեւ չինական ներդրումը լինի եւ նոր պղնձաձուլարանը կառուցվի:

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից՝ արտանետումների ծավալը գերազանցելու համար պղնձաձուլարանը տուգանվել էր 380 միլիոն դրամով:
Արմեն Կիրակոսյանի խոսքով՝ «Կառավարությունը հույսեր էր տվել, որ կլուծի, բայց այս պահին փաստն այն է որ չենք աշխատում:

Կառավարությունից մեզ հավաստիացրին, որ դրական լուծում կլինի, մենք դադարեցրել ենք մեր բողոքի ակցիաները, սպասում ենք պատասխանի, բայց երկար չենք կարող սպասել, վիճակն անտանելի է»:

Գործարանի աշխատակիցները մտահոգություն են հայտնում, որ արդեն գործազուրկ դարձած աշխատակիցների մեծ մասը վարկերի տակ են եւ դրանք անգամ միլիոնների հասնող վարկեր են:

Հիշեցնենք, որ գործարանի սեփականատերը՝ հոկտեմբերի 15-ին Տիգրան Ավինյանի հետ հանդիպել էր «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հետ, որը նաեւ Ալավերդու պղնձաձուլարանի սեփականատերն է: Հանդիպման ընթացքում քննարկել են Ալավերդու պղնձաձուլարանի առջեւ ծառացած խնդիրները: Վարագ Սիսեռյանը նշել է, որ հարցը պետք է քննարկեն՝ հասկանալու համար ինչ լուծումներ կարող են առաջարկել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարում՝ հոկտեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունել էր Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031