Քաղաքագետ Արա Պապյանը մտահոգիչ է համարում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երեւանում հնչեցրած այն հայտարարությունը, որ եթե Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին սպասվող խորհրդարանական ընտրություններում ստանա վճռորոշ մանդատ, ապա կարող է նույնքան վճռորոշ քայլեր ձեռնարկել՝ Արցախյան հակամարտության կարգավորման համար: «Անհանգստացնող բնորոշումներ կան այդ հայտարարությունում: Նա չհստակեցրեց՝ որո՞նք են այդ վճռորոշ քայլերը, ինչի՞ մասին էր խոսքը: Չեմ կարծում, թե դրանք ի նպաստ մեզ կլինեն»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Արա Պապյանին չի գոհացնում նաեւ Բոլթոնի՝ ՀՀ-ի կարգավիճակի մասին բնորոշումն այն մասին, որ մեր երկիրն ԱՄՆ-ի համար առաջնահերթություն ունեցողի կարգավիճակում է. ««Ցավալի է նման փաստը»:
Թեեւ Բոլթոնը չհստակեցրեց՝ ԱՄՆ ղեկավարությունում ընթանալո՞ւ են քննարկումներ, որպեսզի համապատասխան օրենքի փոփոխությամբ թույլատրվի զենք վաճառել Ադրբեջանին եւ ՀՀ-ին, սակայն քաղաքագետը գերտերության պատրաստակամությունն այդ հարցում ցանկալի իրողություն չի համարում. «Եթե ամերիկյան զենքի վաճառքի շուկան բացվի, Ադրբեջանը շատ ավելի մեծ հնարավորություններ կունենա: Նա ոչ միայն կմտնի ամերիկյան շուկա, այլեւ հակահայկական լոբբինգ կիրականացնի՝ ամերիկյան խոշոր ընկերությունների վրա ազդեցություն գործելով»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից դեպի Սիրիա հումանիտար առաքելության գործուղման շուրջ Բոլթոնի գնահատականներին, Արա Պապյանի խոսքով՝ «ՊՆ մասնագետների հումանիտար գործուղում» ձեւակերպումը կարող է սխալ ընկալվել ԱՄՆ-ի կողմից. «Կարելի էր արտակարգ իրավիճակների նախարարությունից մասնագետների ուղարկել, որպեսզի խնդիր չլիներ: Եթե ԱԻՆ-ում չկային, թող ՊՆ մասնագետներին ժամանակավոր գործուղեին ԱԻՆ: ԱՄՆ-ն ուշադիր հետեւելու է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելությանը: Մեր երկիրը հանդես է գալու սեփական դրոշի ներքո, իսկ այդպես հանդես են գալիս նաեւ Ռուսաստանն ու Իրանը: Հիշենք, թե իրենց հանդեպ ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվում ԱՄՆ-ի կողմից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ