Aravot.am-ը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին հարցրեց՝ իր կարծիքով կա,՞ արդյոք, անհրաժեշտություն խորհրդարանը հենց այս պահին արձակելու։
«Այո, կա. ինչքան շուտ, այնքան ճիշտ է դա։ Ես համամիտ չեմ այն կարծիքին, որ դա շատ մեծ վնասներ կարող է բերել իր հետ և այլն, և այլն… Ոչ մի բան չի փոխվում, ասեմ ձեզ, ովքեր ունեն, այսպես ասած, ռեյտինգ, նրանք հիմա էլ ունեն, մայիսն էլ ունեն, հուլիսին էլ ունեն, ոչ մի բան չի փոխվելու մեր կյանքում։ Դրանք պատճառաբանություններ են և դրանց հետ ես համաձայն չեմ»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը։
Խոսելով ռեյտինգային ընտրակարգի մասին, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Գիտեք, շատ զարգացած երկրներ կան, որտեղ կա ռեյտինգային ընտրակարգ, բայց այնտեղ չկան այն բացասական երևույթները, որոնց մասին խոսում ենք։ Այստեղ այդ երևույթների հարցն է, դրանք չպետք է լինեն, բայց ինչքանով ենք համոզված, որ դրանք չեն լինի ռեյտինգայինի դեպքում։
Մարդիկ օգտագործում են, որ կա հարգված մարդ՝ այսպիսի հասկացողություն, մեկն ասենք իր տարածքում շատ հարգված մարդ է, դա չի նշանակում, որ այդ հարգված մարդը ինչ-որ գործարքների մեջ պետք է մտնի, կարող է հենց այնպես մասնակցել։ Սա ուրիշ հարց է, բայց երբ որ սա փոխվում է, ուրիշ բան դառնում, դուք հասկանում եք ինչի մասին եմ ես խոսում, դա արդեն ընդունելի չէ։
Չեմ կարծում, որ ռեյտինգայինի մնալու դեպքում էլ ռեյտինգայինով ընտրված պատգամավորները կարող են նույն ձևով գործարքների մեջ մտնել և նորից ընտրվել։ Դա ես բացառում եմ, որովհետև մարդիկ այսօր փոխված են, մտածողություն է փոխված, չեն գնալու այդ բանին, ուղղակի չեն գնալու»։
Ըստ Ֆելիքս Ցոլակյանի, թաղային հեղինակությունները չեն կարողանա դերակատարություն ունենալ։ «Չեն կարող, ինչ-որ բան կարող է մեկը մի քիչ փախցնի, մի քիչ տանի, այսպիսի բաներ հնարավոր են, բայց ասես՝ կրկնվի այն, ինչ որ եղել է, չի կարող, դա բացառվում է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ