Պաշտոնական այցով առաջին անգամ Երեւանում գտնվող ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ ամերիկյան զենքն ավելի լավն է, քան ռուսականը, ուստի առաջարկել էր ՌԴ-ից այդ առումով կախվածությունը թուլացնել ու գնել ամերիկյան զենք: Այս առնչությամբ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ հակամարտող երկրներում ճիշտ չի, որ զենք վաճառվի. «Դա ավելի է լարում իրավիճակը եւ բանակցային փուլը տանում է ավելի մեծ հակամարտության: Այնքան էլ ճիշտ չի նման տիպի հայտարարություններով շահագրգռել, թե ում զինատեսակն է ավելի ուժեղ: Մենք չենք գնում պատերազմի, մենք գնում ենք խաղաղ ճանապարհով պրոցեսի կարգավորմանը, որը նաեւ համահունչ է Մինսկի խմբի հայտարարություններին: Ես չէի ասի, թե որեւէ մեկին պետք է տալ առավելություն»:
Նա հիշեցրեց, որ մենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերներ ենք, իսկ ԱՄՆ-ի հետ էլ նորմալ ու ջերմ հարաբերություններ ունենք եւ պետք չի նման տիպի հայտարարություններով առավելություն տալ, թե ում զինատեսակներն են ավելի հզոր ու ավելի ուժեղ: Նա ասաց, որ, իհարկե, պետք է մտածենք ռազմական հզորության մասին էլ, բայց այդտեղ մասնագետների կարծիքն է կարեւոր, թե որն է նպատակահարմար:
Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, որ մենք պետք է պատմության կաղապարներից հրաժարվենք ու ասաց՝ մենք չունենք պատմության կաղապար, ունենք ազգային արժեքներ, որոնցից հրաժարվելն անթույլատրելի է. «Եթե մենք դա վերծանենք մի փոքր, տողատակին հասկանում ենք մեր ավանդական ընտանիքները, մեր տարածքները, մեր պատմական ձեռքբերումները, ղարաբաղյան հարցը, դրանք բոլորը պատմություն են: Պատմությունից հրաժարվել, անցյալից հրաժարվել, նշանակում է կասկածի տակ դնել ապագան: Յուրաքանչյուր ազգ պետք է իր պատմությունից դասեր քաղի»:
Լրագրողները ճշտեցին՝ ամեն դեպքում չե՞ք բացառում, որ զենք սկսենք ձեռք բերել ԱՄՆ-ից՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ ճիշտ չի համարում նման հայտարարություններով շահագրգռելը. «Այսինքն, մեզ դրդում են պատերազմի, որ մենք կարողանանք ավելի զինվել: ԱՄՆ-ն Մինսկի խմբի կողմ է հանդիսանում, իրենք պիտի ձեռնպահ մնան շահագրգռելու զենք-զինատեսակների գծով»:
Հարցին՝ ստացվում է, որ ՌԴ-ն նույնպե՞ս մեզ դրդում է պատերազմի, որ Ադրբեջանին այդքան զենք է վաճառում, նաեւ մեզ, նա ասաց, որ համենայնդեպս, քննադատաբար են վերաբերվում դրան, իհարկե, սա չի նշանակում, որ սահմանափակ քանակությամբ չպետք է զենք ձեռք բերեն ու բանակը զինեն, բայց պետք է ձեռնպահ մնան շահագրգռվածությունից, որ ավելի շատ զենք ձեռք բերեն:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում այն հայտարարությունը, որ հանրային աջակցությունը, որն ունի Նիկոլ Փաշինյանը, բավական լավ հնարավորություն է ստեղծվում ԼՂ հարցի կարգավորման համար, դուք նման լուծում տեսնո՞ւմ եք: Բաղդասարյանը պատասխանեց, որ դրա հանգուցալուծումը չի տեսնում. «Այն տարբերակները, որոնք քննարկվում են, ՀՀ, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդը դրան դեմ է, չեմ պատկերացնում, թե ինչ ընդհանուր հայտարար կարող է լինել: Բաց տեքստով պիտի խոսեն, թե ինչ պայմանների դեպքում են այդ հանգուցալուծումը պատկերացնում: Չեմ կարծում, որ ընտրությունների արդյունքները կարող են օգտակար կամ խանգարող հանգամանք լինել հակամարտության կարգավորման համար: Այսինքն, պետք է հրապարակում միտինգ անենք ու ասենք՝ սիրելի՛ ժողովուրդ, մենք մեր ազատագրված տարածքները հետ ենք հանձնո՞ւմ, դա՞ պետք է լինի: Դա՞ եք լուծումը պատկերացնում: Ես այդպիսի լուծում չեմ պատկերացնում: Ակնարկ էր նաեւ եղել մի պահ, հեռացող դեսպանի կողմից, որ անխուսափելի է գրավյալ տարածքների հետ վերադարձը: Նախ, մենք չունենք գրավյալ տարածքներ եւ նման հարց չի քննարկվում՝ տարածքների վերադարձ: Նախ, մենք ունենք առաջնային խնդիր՝ ԼՂ ինքնորոշման խնդիրը, դրանից հետո պետք է լինի բանակցման փուլ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ