«Հեղափոխությունը ստիպեց, որ Հանրապետական կուսակցությունը մաքրվի: Այսօր ՀՀԿ-ն ինքնամաքրման գործընթացում է: Ինքնամաքրման գնալով՝ ՀՀԿ-ն ձեռք կբերի ժողովրդի վստահությունը»,-այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը:
Ըստ նրա՝ ՀՀԿ-ն այսօր էլ խորհրդարանում հայտնվելու ներուժ ունի, ըստ նրա՝ դրա նախապայմանը անցած ուղին է եւ ժողովրդի մոտ ունեցած վստահությունը:
Նրա կարծիքով, ՀՀԿ-ն պետք է մասնակցեր Երեւանի ավագանու ընտրություններին, որովհետեւ քաղաքական ուժը չպետք է մի կողմ քաշվի ընտրական գործընթացներից.
«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ, հակառակը, կարծում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն չի հայտնվի խորհրդարանում: Ըստ նրա՝ մրցակցությունը կգնա «Քաղաքացիական պայմանագիր»- ԲՀԿ-ին, «Լույս»- եւ «Սասնա ծռեր»-ի միջեւ:
«ՀՀԿ-ում կան շատ լավ քաղաքական գործիչներ, բայց իրենց համար դժվար կլինի հայտնվել ԱԺ-ում: Պատմական փորձը ցույց է տալիս, որ իրենք այս անգամ խորհրդարանից դուրս կմնան: Ես անկեղծորեն կուզեի, որ ՀՀԿ-ն մաքրված ներկայանար այս ընտրություններին: ՀՀԿ-ում էլ կան քաղաքական գործիչներ, որոնք ցանկալի կլիներ, որ ընտրվեին, բայց դա այդպես չի լինելու»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում օլիգարխներ չկան, պատգամավորն ասաց, թե Սամվել Ալեքսանյանին , Արտակ Սարգսյանին եւ մյուսներին կարելի է դիտարկել որպես մեծահարուստներ ոչ թե օլիգարխներ. «Սամվել Ալեքսանյանը նախկինում իր եկամուտների մի մասը տալիս էր իշխանության վերին օղակների ներկայացուցիչներին եւ դրա դիմաց ստանում համապատասխան դաբրոներ այս կամ այն տնտեսական իրավիճակը ստեղծելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ