Ողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի և անտեսված խմբերից են:
Պիտակավորումը, անտեսումը, կանխատրամադրվածությունը/նախապաշարմունքները սոցիալական պատնեշներից են, որոնց հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ընտանիքները բախվում են հասարակության մեջ: Հանրային կարծիքը մեծ դեր ունի խոցելի երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, իրավունքների իրացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում:
Եթե անգամ երեխան ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունի կամ որևէ այլ սոցիալական խնդիր, դա չի նշանակում, որ նա չի կարող արժեքավոր ներդրում ունենալ համայնքում և հասարակությունում:
Ներառական կրթությունը հնարավորություն է ընձեռում առավելագույնս բացահայտել յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական, ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացման լիարժեք ներուժը, սակայն սա առավել արդյունավետ է այն դեպքում, երբ երեխան ստանում է ընտանեկան խնամք և ակտիվ շփվում է իր հասակակիցների հետ:
Յուրաքանչյուր երեխա արժեքավոր է յուրովի: Տարածե՛ք այս տեսանյութը՝ միանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հենրիխ Մխիթարյանի կոչին՝ յուրաքանչյուր երեխայի համար հավասար հնարավորություններ ստեղծելու համար:
###
Արշավի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Զվարթնոց» օդանավակայանին, Երևանի Մետրոպոլիտենին, «Երևան Մոլ»-ին, «Կինոպարկ» և «Սինեմա Սթար» կինոթատրոններին, Բարրի խանութ-սրահին, «Աութդոր էֆեկտ» գովազդային գործակալությանը:
Մամուլի հայտարարություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանի կողմից