Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին հարցրեցին՝ իրենց քաղաքական ուժն առաջիկա ընտրություններին ո՞ր տեղի համար է պայքարում, ունե՞ն վարչապետի թեկնածու, ո՞վ է իրենց վարչապետի թեկնածուն: Էնֆիաջյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ամեն ինչ պետք է տրամաբանված լինի, կան քայլերի հերթականություն: Առաջնահերթ քայլն է ներկայիս իրավիճակը հասցնել իր հանգուցալուծմանը, որ ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվի, գնանք նոր ընտրությունների՝ նոր ԸՕ-ով ու նոր որակներով կարողանանք քարոզարշավ ու ընտրություններ կազմակերպել: Դա մեր ժողովրդի պահանջն է: Թե որ քաղաքական ուժը ինչպիսի մասնակցություն կունենա խորհրդարանում, այդ հավակնություններից էլ կապված կլինեն հետագա զարգացումները: Մենք ՀՀ-ում այնպիսի պաշտոն չկա, որտեղ թեկնածու, կադր չունենանք»:
Թե ով է վարչապետի թեկնածուն, առաջին համարը՝ Էնֆիաջյանը պատասխանեց՝ ամեն ինչ իր ժամանակին: Թե որ տեղի համար են պայքարում՝ Էնֆիաջյանը պատասխանեց, որ անկախ Երեւանի ավագանու ընտրություններին արձանագրված արդյունքներից, չեն կարող ասել, թե 4 քաղաքական ուժի մասնակցության դեպքում հավակնում են 4-րդ տեղին: Պետք է ձգտեն առավելագույն մասնակցություն ունենալ, իրենց կադրային ներուժը լավագույնս ներկայացնել. «Մենք պայքարելու ենք առավելագույնս ձայներ ունենալու ու ներկայացնելու մեր ծրագրերը»:
Հարցին՝ «Լույս» դաշինքնն ասել է, որ երկրորդ ուժն են պատրաստվում լինել ԱԺ-ում, դուք ի՞նչ խնդիր եք դրել ձեր առաջ, ո՞ր տեղի համար եք պայքարում՝ Էնֆիաջյանը պատասխանեց, որ ամեն քաղաքական ուժի իրավունքն է ներկայացնել իր հավակնությունները. «ԲՀԿ-ն շատ մեծ կադրային ու ծրագրային պոտենցիալ ունի եւ բնականաբար, մեծ հավակնություններ ունի, բայց այդ հավակնությունների տերը ժողովուրդն է, թե ում ինչ ձեւաչափով կգործուղի ԱԺ, այդ ձեւաչափով էլ նրանք հետագայում իրենց գործունեությունը կծավալեն»: Նա ասաց, որ անտրամաբանական է համարում, եթե քաղաքական ուժը մասնակցի՝ պայմանական 4-րդ կամ 3-րդ տեղի համար:
Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ԲՀԿ ցուցակում լուրջ փոփոխություններ են լինելու եւ մամուլում հրապարակումներ կան, որ ԲՀԿ ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը, Մելքումյանը, Էնֆիաջյանը գուցե չլինեն ցուցակում կամ լինեն ոչ առաջնային տեղերում: Այս առնչությամբ լրագրողների հարցին ի պատասխան Էնֆիաջյանն ասաց. «Ինձ համար, Նաիրա Զոհրաբյանի կամ պարոն Մելքումյանի համար որեւիցե գործողություն ինքնանպատակ չէ, մեր քաղաքական թիմը, խորհուրդը ոնց որոշի՝ մեր համար ընդունելի կլինի այդ որոշումը: Ես համարում եմ, եւ մեր քաղաքական թիմը համարում է, որ կուսակցության ցուցակը պետք է առաջնորդի բնականաբար Գագիկ Ծառուկյանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ