Գագիկ Ծառուկյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, թե «Մարդ էդքան անաղուհաց չի՛ կարա լինի… դուք՝ անշնորհակալ, մեկը չեղավ ասի՝ պարոն Ծառուկյան, հալալ ա քեզ»: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ Aravot.am-ը «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց, թե կիսո՞ւմ է Ծառուկյանի կարծիքը ու ի՞նքն էլ է գտնում, որ լրագրողներն անաղուհաց են: Էնֆիաջյանը պատասխանեց. «Մեր քաղաքական թիմով մենք շատ լավ փոխհարաբերություն ունենք լրագրողների հետ՝ հանձին Գագիկ Ծառուկյանի, աշխատանքային մթնոլորտ կա, փոխադարձ հարգանք կա: Խոսքը գնում էր նրա մասին, որ բազմաթիվ ծրագրեր կան, աշխատանքներ կան կատարված, ինչի հետ կապված երբեւիցե վերլուծություններ կամ պարզաբանումներ, կամ լուսաբանման առիթ չեն սարքում որոշ լրագրողներ»:
Նա ասաց, որ այն աշխատանքները, որ իրականացնում է Գագիկ Ծառուկյանն ու իրենց թիմը, տեսանելի է նրանց համար, ովքեր ուզում են դա տեսնել: Լրագրողները հարցրին, թե ինչո՞ւ են իրենք՝ պաշտոնյաները, երբ նյարդայնանում են, լրագրողներին են մեղադրում: Էնֆիաջյանը պատասխանեց, որ նյարդայնանալու խնդիր չկա, ուղղակի լրագրողները հարցեր չեն տալիս կատարված աշխատանքի հետ կապված. «Ոչ թե տեղեկություն են ուզում ստանալ երկրում տեղի ունեցող քաղաքական-տնտեսական կարեւորագույն իրադարձությունների հետ կապված, այլ փորձում են սադրանքի, մարդուն հունից հանելու, մի հարցը մի քանի անգամ տարբեր կերպ ձեւակերպելով՝ մթնոլորտ ստեղծել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ