Լրահոս
Օրվա լրահոսը

Կհասնի՞ ամերիկյան զենքն Ադրբեջանին

Հոկտեմբեր 26,2018 14:40

ԱՄՆ-ն ցանկանում է չեղարկել համապատասխան օրենքի այն հոդվածը, որով նրան արգելվում է աջակցել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ նա շարունակում է ագրեսիվ գործողություններ իրականացնել ՀՀ-ի եւ ԼՂ-ի հանդեպ: Այս մասին այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ՀՀ-ին եւ Ադրբեջանին զենքի հնարավոր վաճառքի մասին հայտարարությանը, ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նրա գնահատմամբ՝ ադրբեջանական լոբբինգի արդյունքն է այն փաստը, որ ԱՄՆ-ում նման քննարկումներ են ընթանում:

«Նշյալ հոդվածը չեղարկելու համար ԱՄՆ կոնգրեսը պետք է փոփոխություն անի օրենքում: Եթե փորձեն նման քայլի գնալ, Թրամփը Կոնգրեսում լրջագույն աջակցություն պետք է ունենա: Հայ լոբբիստները, կարծում եմ, ատամներով պետք է պահեն օրենքի այդ հոդվածը: Գուցե ԱՄՆ-ում այն շրջանցելու այլ տարբերակներ էլ գտնեն, բայց այս պահին Թրամփի կողմից օրենքը շրջանցելու գործընթաց սկսելը հեռանկարային չէ, քանի որ նոյեմբերին սպասվում են ընտրություններ(դաշնային եւ նահանգային)»:

Ըստ Սուրեն Սարգսյանի՝ Երեւան այցելած Ջոն Բոլթոնի մյուս կարեւոր ուղեձն այն էր, որ Վրաստանը եւ Ադրբեջանն ԱՄՆ-ի համար ունեն ռազմավարական նշանակություն, իսկ ՀՀ-ն՝ առաջնահերթություն ունեցող երկրի կարգավիճակ. «Նշանակում է՝ այս ուղղությամբ լուրջ աշխատանք ունենք անելու»: Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից դեպի Սիրիա հումանիտար առաքելության գործուղման շուրջ Բոլթոնի գնահատականներին, Սուրեն Սարգսյանը նկատեց. «Նրանք ՀՀ ՊՆ-ի մասնագետներն են՝ սակրավորներ, իսկ «ՊՆ հարյուր մասնագետներ» ձեւակերպումը չի ընկալվում ԱՄՆ-ի կողմից: ՀՀ ղեկավարությունն ԱՄՆ-ին վստահեցրել է, որ հումանիտար գործառույթ են իրականացնելու, բայց եթե հայ մասնագետները ներգրավվեն հատուկ նշանակության կամ ռազմական գործողություններում, շեշտակի կսրվի իրավիճակը հայ-ամերիկյան հարաբերություններում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031