«Պետական կառավարման համակարգում պետք է ընդգրկել բոլորին՝ անկախ քաղաքական պատկանելիությունից, եթե այդ անձինք առողջ մրցակցային հնարավորություններ ունեցող քաղաքական գործիչներ են եւ նպաստում են պետականության կայացմանը»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման համոզմունք հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա պաշտպանում է այն մոտեցումը, որ նախկին ռեժիմի օրոք գործած անձինք այսօր էլ կարող են պաշտոններ զբաղեցնել:
«Ողջունում եմ վարչապետի այն մոտեցումը, որ փորձառու քաղաքական գործիչներն անհրաժեշտ են երկրին: Խոսքը չի վերաբերում այն գործիչներին, որոնք հին ռեժիմի մնացուկները ցանկանում են պահել եւ մտադիր չեն նոր մոտեցումներով վերաբերվել երկրին»,-համոզմունք հայտնեց Սերգեյ Բագրատյանը:
Լրագրողները խնդրեցին Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի օրինակով նշել, թե որքանով էր հիմնավորված նրա նշանակումը:
«Չէի ուզենա անձնավորել: Նա համարվում է նախորդ ուժային կառույցի առանցքային դեմքերից, բայց պետք է նայել, թե ինչ խնդիր ենք դրել Սյունիքի համար: Կարծում եմ՝ մարզպետը պետք է առաջնահերթ համակարգի բոլոր կառույցները, այդ թվում՝ ազգային անվտանգությունը, բայց ոչ՝ անձամբ իրականացնի գործառույթները»,-պատասխանեց Սերգեյ Բագրատյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ